Բավ է պառակտվել
02-09-2019 13:52

Արցախի ժողովուրդն իրականացրել է իր բազմամյա նվիրական երազանքն՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։

“Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարեւորագույն պետական տոնի առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն”,- ասվում է ուղերձում։

Սահակյանի խոսքով՝ դա եղել է դժվարին, բայց և պատվաբեր ճանապարհ, որն արցախցիներն անցել են մայր Հայաստանի ու սփյուռքի իրենց քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ:

“Եվ այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը, հետեւողականորեն ու շարունակաբար ամրապնդելով մեր անկախ ու ժողովրդավարական պետությունը, ամուր հիմք դնելով սերունդների հուսալի ապագայի համար”,- նշել է նախագահը։

Սահակյանը շնորհավորել է հայրենակիցներին հիշարժան տոնի առթիվ և մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս հայրենիքի բարգավաճման ու ժողովրդի բարօրության:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրն ընդունվել է 1991թ․սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանում։