Բավ է պառակտվել
29-09-2020 06:56

Մեր բանակն ի վիճակի է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք․ Արցախի ԱԺ

Մեր ԶՈւն արդեն կասեցրել է թշնամու գրոհը, և բանակն ի վիճակի է գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Բանակը պատրաստ է այս մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94-ին, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կամ էլ այս տարվա հուլիսյան մարտերի ժամանակ»,-ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով` այս պատերազմին խառնվել է նաև Թուրքիան, և այժմ ԱդրբեջանԹուրքիա տանդեմն է աշխատում առաջնագծի երկայնքում։

«էրդողանը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն անգործության են մատնված, և սա պետք է ահազանգ լինի ԵԱՀԿ ՄԽ-ի համար: Նա ասում է, որ այդ հարցը կարող է լուծել, այսինքն՝ ըստ Թուրքիայի նախագահի, համանախագահները 30 տարի չեն կարողացել լուծել այն»,- ասաց ԱՀ ԱԺ նախագահը:

Թովմասյանը նշեց, որ Ադրբեջանն իրենց հետ թնդանոթների լեզվով է խոսում, թնդանաթով էլ պատասխան են ստանալու։

Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի կողմից Արցախի ճանաչման հարցին՝ Թովմասյանը նշեց, որ եթե պատերազմը շարունակվի, ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի ճանաչման հարցը:

«Մենք հաղթելու ենք Հայաստանի և Սփյուռքի հետ: Այսօրվա Արցախի սահմանները գծված են զոհված ազատամարտիկների արյան գույնով, որն ավելի մգացավ, քանի որ ունենք նոր զոհվածներ, սեպտեմբերյան պատերազմի հերոսներ: Փառք նրանց, որոնց արյան գույնով են նաև ներկված Արցախի սահմանները»,- եզրափակեց Ա.Թովմասյանը:

 

Արմինե Գևորգյան