Բավ է պառակտվել
19-10-2020 14:42

«Կույր մի՛ եղեք», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Ճանաչե՛ք Արցախը». Բողոքի ակցիա ՄԱԿ–ի առջև

«Կույր մի՛ եղեք», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Ճանաչե՛ք Արցախը». այսպիսի պաստառներով արցախցի կանայք երեխաների հետ միասին այսօր ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:
Ակցիայի մասնակիցներից Իրինա Սաֆարյանը լրագրողներին հայտնեց, որ իրենց պահանջն է կանգնեցնել պատերազմը և բարձրաձայնել այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացվում են Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: «Այստեղ հավաքվել են Արցախի կանայք իրենց երեխաների հետ, որոնք առաջնագծում են թողել իրենց հայրերին, ամուսիններին, եղբայրներին, որովհետև ուրիշ տարբերակ չկար: Ինչո՞ւ են նրանք հայտնվել այստեղ: Որովհետև բոլոր քաղաքացիական օբյեկտները, բոլոր քաղաքները և գյուղերը այս պահին հրետակոծվում են: Նույնիսկ ապաստարաններում գտնվելը ապահով չէ: Պատերազմի չորրորդ շաբաթն է այն ահաբեկչության, որը իրականացվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և մենք չենք տեսնում միջազգային հանրության ոչ մի արձագանք, ոչ մի խիստ պատիժ այս մղձավանջը կանգնեցնելու համար»:
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ` Սիրանուշ Սարգսյանը, ասաց, որ գրասենյակի դիմաց կկանգնեն այնքան, մինչև որևէ մեկը ներքև կիջնի։
 «Իրենց բախտը բերել է` մեզ տեռորիստներն են շրջափակում, մենք էլ իրենց կշրջափակենք։ Մեզ ինչքան են անտեսելու, ինչքան կարելի է լուռ մնալ. մեր խաղաղ բնակիչներից մեկին մորթել են, մյուսին` վիրավորել։ Ես այսօր Ստեփանակերտ եմ գնում, եթե ուզում են իրականությունը տեսնել, թող գան ինձ հետ. եթե ռիսկ անեն, Հադրութ էլ կտանենք»,–ասաց Սարգսյանը։



Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հարց բարձրացրեց՝ այնքան երեխաները, որոնց սպանել են Մարտունիում, Հադրութում, նրանք մարդ չե՞ն, իրենց մասին պետք չէ՞ խոսել»: «Ինչպե՞ս կարելի է այսքան մայրերին, այսքան երեխաներին անտեսել, մենք գոյություն չունե՞նք: Իմ տունը այնպիսի զենքերով է ավերվել, որ աննկարագրելի է: Ոչ մի տեղ այդպիսի զենք չեն կիրառում: Ուսուցիչ լինելով՝ ես չգիտեմ՝ ինչպես եմ երեխաների հետ խոսելու, ինչպես եմ եվրոպական արժեհամակարգ բացատրելու, ամեն ինչ փոշիացրել են իրենց հետաքրքրությունների համար»,- ընդգծեց արցախցի կինը:

Նրանք, ի դեպ, նամակ են պատրաստել, որտեղ փաստերն են ներկայացված ադրբեջանական ագրեսիոն քայլերի առնչությամբ։
 Գրասենյակի անվտանգության աշխատակիցները հայտնեցին, որ բողոքի ակցիայի մասնակիցներից երեքին պատրաստ են ընդունել։

Կարճ զրույցից հետո ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակից դուրս եկան բողոքի ակցիա անողներն ու տեղեկացրին` այսօր ժամը 5-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ կհանդիպեն։

Ակցիայի մասնակիցները միջազգային հանրությունից պահանջում են համարժեք կերպով արձագանքել Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։ Նշենք,որ արցախցի կանանց միացել էին ճանաչված հասարակական ու մշակութային գործիչներ:

Արմինե Գևորգյան