Բավ է պառակտվել
01-10-2020 13:24

Կասկած չկա, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններին․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ, ամփոփելով անցած գիշերը, նշեց, որ թեժ մարտեր չեն եղել, մարտական որոշակի գործողություններ, այնուամենայնիվ, կան։

«Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը՝ անկախ իրենց չափերից և մարտավարությունից, կրել են անհաջողություն։ Հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող, վիրավորները՝ մոտ 600, խոցվել են 3 ուղղաթիռ, ներառյալ՝ վերջին նշվածը, որն ընկել է Իրանի տարածքում, մոտ 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան և 6 ԱԹՍ, որից 2-3-ը՝ կեսգիշերի սահմաններում։ Մարտական գործողությունները շարունակվում են, ստացա տեղեկություններ, որ դրանք սկսել են թեժանալ»,- նշեց Հովհաննիսյանը։

Հակառակորդի ԱԹՍների, թռչող սարքերի գործողությունները, Հովհաննիսյանի խոսքով, շարունակվում են նաև Վարդենիսի և ոչ միայն այդ ուղղությամբ։

«Հայադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում կոնկրետ մարտական գործողություններ չկան»,– ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ հայկական կողմը հնարավոր է ազատագրել է նոր տարածքներ։

«Ոչինչ չեմ բացառում, մի քանի անգամ ասել եմ, նորից ասեմ, որ մեր զինված ուժերը, լինելով լիովին մարտունակ, հակառակորդին զրկելով հարձակումների թափից, միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր։ Տարօրինակ կլիներ, որ վարեին միայն պաշտպանական մարտեր»,- տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով միջազգային հարթակներում Հայաստանի աշխատանքին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այն աշխատանքը, որն արձանագրվել է միջազգային մակարդակում և ոչ միայն մեդիայի մակարդակով, քանի որ եղել են համապատասխան արձագանքներ առաջատար պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից, դա, բնականաբար, մեր դիվանագիտական, տեղեկատվական գործողությունների փայլուն աշխատանքի արդյունք է:

«Այլևս ոչ մեկի մոտ կասկած չկա, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին, այդ ապացույցները ներկայացված են, և բուն կիրառողները փորձում են թաքցնել»,-ասաց նա և նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ քանի հազար մարդ է օգտագործվել, բայց ժամանակի խնդիր է, և բարդ չէ ճշտելը:

 

 

Արմինե Գևորգյան