Բավ է պառակտվել
15-09-2022 14:52

Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի քննարկվում․ նախագահ Հարությունյան

Առայսօր Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի քննարկվում, հայտարարել է հինգշաբթի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա Երևանում է Արցախի հիմնախնդրի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով և մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։
ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները»,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։

Արցախի նախագահի խոսքով, Հայաստանի իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու:

Նախագահն ընդգծել է, որ Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունը ևս, գտնվելով Երևանում, շարունակելու է քաղաքական խորհրդակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի, ԱԺ նախագահի և քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ:

Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը:

Ներկաները մտքեր են փոխանակել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել արտաքին սպառնալիքներին դիմակայման համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը:

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։

Ավելի վաղ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով հայկական կողմից կա մեկ գերեվարված անձ։

Հայկական կողմն ըստ նախնական տվյալների, ունի 105 զոհ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։