Բավ է պառակտվել
06-02-2023 17:22

Արցախի Ազգային ժողովը կոչ է անում էթիկայի հանձնաժողովին քննարկել ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հնչեցրած հայտարարությունը

Արցախի Ազգային ժողովը կոչ է անում Էթիկայի հանձնաժողովին դիտարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի աղմկահարույց հայտարարությունը։

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Արսենյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում «ընդամենը» մոտ 120 հազար մարդ է ապրում, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն։ «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն Արցախի»,- ասել է նա։

«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային – ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:»,- ասվում է Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:

«Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը: Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում: Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։