Բավ է պառակտվել
31-03-2020 19:29

Սահմանային իրավիճակի ու բանակի տիրող իրավիճակի մասին ․ Ջալալ Հարությունյան

«Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը, և մեր հրամանատարական կազմն ու ժամկետային զինծառայողներն ամեն ինչ անում են՝ էլ ավելի զգոնությունը բարձրացնելով, որպեսզի հակառակորդի սադրանքներից զերծ մնանք»,-Արցախում քվեարկելուց հետո ասաց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը։
Նշենք, որ ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտի Հայկազովի զորամասում են ծառայում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, այդ զորամասում էր մահացել մի զինծառայող։ Հարցին՝ ի՞նչ է անում հրամանատարությունը, որ բանակում խաղաղ պայմաններում զոհեր չլինեն, Ջալալ Հարությունյանը պատասխանեց.
«Բոլոր դեպքերով հարուցված են քրեական գործեր։ Իրավապահները աշխատում են, և համոզված եղեք՝ այն մարդիկ, ովքեր հասցրել են նման իրավիճակի, պատժվելու են և դուք տեղյակ եք լինելու։ Ի՞նչ ենք անում․ էսօր նախանշված են միջոցառումներ, որոնք պետք է կանխարգելեն նմանատիպ դեպքերը։ Հստակ կան խնդիրներ, և վերահսկողությունը մի քանի անգամ բարձրացվել է»։

Հարցին, թե հիմնականում որո՞նք են զինծառայողների մահվան պատճառը, Հարությունյանը պատասխանեց, որ խնդիրը հիմնականում ոչ կանոնադրական հարաբերություններն են։
Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:
Խոսելով նոր սպառազինության մասին, Ջալալ Հարությունյանն ասաց՝ նոր զինատեսակներն արդեն իսկ շահագործվում են և մարտական դիրքերում են՝ անձնակազմը վերապատրաստված է։

«Մեր ձեռք բերած նոր սպառազինությանը սպասարկող անձնակազմը ծանոթ է, այն արդեն փորձարկվել է։ Ի դեպ, բանակում սպառազինությունն անմիջապես ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ցուցումներով է կատարվում»,–ասաց նախարարը։
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` Հարությունյանը նշեց, որ այն վերահսկելի է, և ամեն ինչ արվում է` զգոնությունն ավելի բարձրացնելու և Տավուշում արձանագրված սադրանքներից զերծ մնալու համար։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մի երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Բացի այդ, երկու զինծառայող է վիրավորվել և հայտնի է, որ նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

 

 

Արմինե Գևորգյան