Բավ է պառակտվել
20-10-2020 14:26

Պատկերն առաջնագծում. ՀՀ ՊՆ

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար», - գրել է Ստեփանյանը:

«Իսկ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում»,֊ ասում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Խոսնակի խոսքով Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը Ադրբեջանի ԶՈՒ-ին հասցվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ:


Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներ: Կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել, գրում է Razm.info - ն։

Նշվում է նաև, որ այս օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները, այսինքն չի կարելի բացառել նաև դրա խոցումը, թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել: 
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, հայտնում են ՊԲ-ից:

Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

Արմինե Գևորգյան