Բավ է պառակտվել
05-10-2020 12:07

ՀՀ որոշ շրջաններից ադրբեջանական նշանակետերի հրթիռակոծումն ապատեղեկատվություն է. Հովհաննիսյան

 

Առավոտյան հակառակորդը լայնծավալ հարաձակում է սկսել հարավային ուղղությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը, այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում», - ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսել է սաստկանալ։

ՊՆ ներկայցուցիչը հայտարարեց՝ լիովին ապատեղեկատվություն է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը։

«Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որևէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը ու դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե, ընդհանրապես, այլ պատերազմի մասին է տեսանյութը», - նշեց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է զինվորի նկարներ հրապարակելուն և նրանց փնտրելուն, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Սաստիկ պատերազմ է և այս պարագում բուժհաստատությունները 24 ժամ են աշխատում, կարող են բազում դեպքեր լինեն, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն, կամ սխալ տեղեկատվություն հաղորդվի նրանց՝ զոհվելու կամ վիրավորվելու վերաբերյալ»:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշում է,որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևի թվիթերյան գրառումը սադրանքի համար հող նախապատրաստող հայտարարություն է։

«Շատ հետաքրքիր մի նուրբ հարց կա, փաստացի, Ադրբեջանը շատ հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող», - ասաց նա։

Հարցին, թե ինչու է ընդհատակ անցել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը գլուխ գովելու մեծ բան ունի, որ ընդհատակում չմնա»։

 

 

Արմինե Գևորգյան