Բավ է պառակտվել
12-04-2021 10:37

Արցախյան գյուղի կրակակոծում գնդացրից․ ՆԳՆ-ն կփոխանցի նյութերը ռուս խաղաղապահներին

Ղարաբաղի Ներքին գործերի նախարարությունը ուժեղացրել է Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա մայրուղում տեղակայված հենակետերում ծառայության ռեժիմը։

Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցներն նյութեր են նախապատրաստել Սարուշեն գյուղում միջադեպի վերաբերյալ ռուս խաղաղապահ զորակազմին փոխանցելու համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Ղարաբաղի ՆԳՆ մամլո ծառայությունը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 9։40-ին։ Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել էին Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ:

Ադրբեջանցիները կիրառել են գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին: Սարգսյանը և Հարությունյանն արդեն բացատրություն են տվել ոստիկանությունում։
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարուշենի համայնքապետ Կարեն Գասպարյանը հայտնել էր միջադեպի որոշ մանրամասներ, նշելով, որ բնակչության շրջանում խուճապ չկա, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են։