Բավ է պառակտվել
09-11-2022 12:04

Օկուպացված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք֊ադրբեջանական քաղաքականության իրական օրինակ է։

Օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք֊ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է, հայտարարել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Տարբեր առիթներով միջազգային պատվիրակություններ տանելով Շուշի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան։ Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանցակից են դառնում մարդկանց տեղահանությանը և լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան։ Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը։»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Ստեփանյանը հիշեցրել է, որ 2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ քվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին։

«Քաղաքը յուրացնելու ընթացքում, ինչպես 1900֊ականների սկզբին, այնպես էլ 2020թ֊ին թուրք֊ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղասպանությունը՝ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումը, դեպորտացիան, նրանց ստեղծած հոգևոր֊մշակութային արժեքների ոչնչացումն ու աղավաղումը»,- գրել է նա։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն հայտարարել է, որ Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։

«Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը»,- նշել է նա։