Բավ է պառակտվել
26-01-2023 11:38

Արցախի շուրջ 31,8 հազար երեխա և ուսանող զրկված է կրթության իրավունքից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով

Արցախում շուրջ 31,8 հազար մանկապարտեզի սաներ, դպրոցականներ և ուսանողներ զրկված են կրթության իրավունքից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սան, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտ, բուհերի շուրջ 6,8 հազար ուսանող զրկվել են 21-րդ դարի ամենաանհրաժեշտ իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, քանի որ արդեն մեկ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերը փակ են»,- հինգշաբթի կառավարության նիստում ասել է նա։

Վարչապետը հիշեցրել է, որ վերջին անգամ նման բան եղել է 2020-ին 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չէին կրակում, կրթական հաստատությունները փակվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Այս անգամ կորոնավիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի չակերտավոր բնապահպանական մտահոգությունները: Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո՝ բացում 10 տոկոսով, նորից՝ փակում, բացում՝ 20 տոկոսով, և այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է»,- ընդգծել է վարչապետը:

Մանկապարտեզների չաշխատելու երկրորդ պատճառը, նշել է Փաշինյանը, երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ «Այս ամենով Ադրբեջանի իշխանությունները մեկ նպատակ են հետապնդում․ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը»,- ասել է նա։