Բավ է պառակտվել
10-04-2019 16:57

Արցախի օմբուդսմենը 1992թ. ապրիլի 10-ին Մարաղայում հայերի ջարդի մասին

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը կոչ է անում միջազգային հանրությանը իրավաբանական գնահատական տալ 1992թ. Մարաղայում մարդկության դեմ կատարված հանցագործությանը: Նա նաև կոչ է արել արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում հայատյացության քաղաքականության դադարեղցման ուղղությամբ: Այս մասին նշված է Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ:

“1992 թվականի ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ջարդը արցախահայության դեմ հակահայկական, ցեղասպանական քաղաքականության ևս մեկ դրսևորումն է”,-ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ապրիլի 10-ի առավոտյան սկսվել է գյուղի հրետակոծությունն, ինչից հետո ադրբեջանական զորքը մտել է Մարաղա։ Բնակչության մեծամասնությանը հաջողվել է լքել գյուղը, իսկ ովքեր չեն հասցրել՝ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների զոհ են դարձել։ Հաջորդ օրը գյուղն ազատագրելով, հայկական ուժերը հայտնաբերել են ազգությամբ հայ քաղաքացիական բնակչության բազմաթիվ խեղված դիակներ:

“Տարբեր տվյալներով Մարաղայում պանվել է ավելի քան 57 խաղաղ բնակիչ, ավելի քան 60-ն, այդ թվում` 9 երեխա և 29 կին, գերի են վերցվել”, - ասվում է հայտարարությունում:

Մեջբերվում է նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերը Մարագայի իրադարձությունների մասին:

“Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղն ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն, ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը. նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար”,-գրել է Քոքսը:

Նա նշել է, որ այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ ողջ-ողջ սղոցել էին մարդկանց։

“Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և փաստացի մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումն”,-ասվում է հայտարարությունում:

Տարածված հայտարարությունում նշվում է, որ ռասիստական ատելության ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղության հաստատումից: