Բավ է պառակտվել
18-02-2022 12:07

Հայաստանի և Արցախի ՄԻ պաշտպաններն այցելել են Շուշիից ու Հադրութից փախստականներին

Հայաստանի և Արցախի ՄԻ պաշտպաններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը այցելել են Շուշիից ու Հադրութից ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերն ավերելու, էթնիկ զտումների արդյունքում բռնի տեղահանված խաղաղ բնակիչների ժամանակավոր կացարան:

Ուսումնասիրվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունեցել առանձնազրույցններ ժամանակավոր կացարանում բնակվող մարդկանց հետ։
Բոլորն էլ նշել են, որ ինչպես Շուշի և Հադրութ քաղաքներում, այնպես էլ հարակից գյուղերում մարդկանց տները պատերազմի ընթացքում եղել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախի ներքո, իրականացվել են նպատակային հարձակումներ խաղաղ բնակչության նկատմամբ։

Մարդիկ հաղորդել են, որ ադրբեջանական ուղիղ հարձակումների ներքո են եղել մանկապարտեզներն ու դպրոցները, բժշկական կենտրոնները:
Բռնի տեղահանման, ադրբեջանական հարձակումների արդյունքում մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց բնակարաններից, այլ նաև տարատեսակ տեխնիկաներից՝ մարդատար մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև մանր ու խոշոր եղջերավոու և այլ ընտանի կենդանիներից։

Տևական ժամանակ խաթարված է եղել երեխաների կրթության իրավունքը, առաջ են եկել սոցիալական լուրջ խնդիրներ ընտանիքների համար, որոնք այսօր էլ արդիական են։ Այս ամենի վրա ազդում է այն, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են զինված ուժերի կրակոցներով խոչընդոտել մարդկանց գյուղատնտեսությամբ զբաղվելը, ընտանիքի եկամուտը վաստակելը:

Բնակիչները բարձրացրել են հարցեր` կապված նոր բնակարանների հերթագրման կարգի ու պայմանների հետ:

«Այցի արդյունքներն ակնհայտորեն վկայում են, որ խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են, ինչն էլ ուղիղ կապված է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի պետական քաղաքականության հետ: Դա տարվում է ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով։»,- գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում։