Բավ է պառակտվել
08-05-2019 19:23

27 տարի առաջ տեղի ունեցավ «Հարսանիք լեռներում» օպերացիան - Հեղինակային նյութ

1992 թվականի մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայկական զինված ուժերը նախապատրաստվում էին գրոհել բերդաքաղաքը: Շուշիի ազատագրումն իրականացվեց «Հարսանիք լեռներում» օպերացիայով: Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս սրբազանը հիշում է, թե ինչպես էին մարտիկերը մոտենում, օրհնություն ստանում, ու խաչ էին կրում հագուստի վրա՝ հակառակորդից տարբերվելու նկատառումով:

<<Զինվորական ղեկավարությունը որոշում էր Շուշին ազատագրել մարտ 15- ին, այնուհետև՝ 24- ին, ապա՝ մայիսի 1- ին։ Բայց ինչ- որ մի բան խոչընդոտում էր այդ ծրագրերին։ Ի վերջո որոշվեց՝ գործողությունը պետք է սկսվի մայիսի 7- ին։ Բոլոր ջոկատները, որ պիտի մասնակցեին, տղաները եկան եկեղեցի եւ խաչեր խնդրեցին: Շատ խորհրդանշական է, որ գրոհը համընկել էը Խաչի բուն երևման տոնի հետ, որը լինելով շարժական, 1992-ին նշվեց հենց մայիսի 7-ին>>,-ասում է Պարգև սրբազանը ու հավելում, որ որ 351 թ. Երուսաղեմում մայիսի 7- ին Խաչը երեք օր ու գիշեր երեւաց երկնքում, ինչպես եղավ հենց այդ ժամանակ:

Շուշի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Անդրեաս քահանա Թավադյանն ասում է, որ եկեղեցու դերը արցախցու կյանքում կարևորվեց հատկապես արցախյան ազատամարտի տարիներին: Պատում է, որ Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում եկեղեցիները վերածվել էին պահեստների: 1930 թվականից Արցախում որևէ մեկը չէր կարող գնալ եկեղեցի, հետևաբար՝ տան կողքին՝ բակում, ստեղծում էին մի մատուռ, որտեղ կարող էին աղոթել։ Տեր Անդրեասը պատահական չի համարում, որ Արցախի թեմն ստեղծվեց հենց 1988թ ու այդ օրվանից եղավ ֆիդայու, զինվորի, կանոնավոր բանակի կողքին։ Շուշի ազատագրմանը թեմի ծառայողներից շատերն անմիջական մասնակցություն են ունեցել: Պատերազմի տարիներին ադրբեջանցիները Ղազանչեցոց եկեղեցին զինանոցի էին վերածել՝ քաջ գիտակցելով, որ հայերը եկեղեցին չեն պայթեցնի, իսկ իրենց զինամթերքն էլ կբավականացնի պատերազմում հաղթանակ տանելու համար։ Սակայն այն այդպես էլ երազանք մնաց ադրբեջանցիների համար:

 

Հեղինակ՝ Արմինե Գևորգյան