Բավ է պառակտվել
11-10-2019 13:26

Որևէ մեկը լիազորված չէ խոսել Արցախի փոխարեն․Շավարշ Քոչարյան


Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը, իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք՝ ներառյալ տարածքային ամբողջականությանը, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Մեր բոլորի պարտքն է սատարել և առաջնորդվել Արցախի ժողովրդի կողմից հստակ արտահայտված ինքնորոշման իրավունքով» - ասաց Քոչարյանը։

Փոխարտգործնախարարը անդրադարձել է նաև բանակցային գործընթացին ասել, որ 1994թ-ից կա մի փաստաթուղթ որով այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը լիազորել է իրենց խորհրդարանի փոխխոսնակին ԼՂՀ համապատասխան պաշտոնյայի հետ հանդիպել և նախապատրաստել երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումը։
«Ի՞նչն է էական այդ փաստաթղթում. այն ռուսերենով է կազմված, և երբ խոսքը գնում է Արցախի մասին, օգտագործվել է «НКР» հապավումը, որը նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ Հեյդար Ալիևի ստորագրությունն է։ Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Ադրբեջանն ընդունել է Արցախը՝ որպես հակամարտության կողմ, տարբեր մակարդակներով բանակցել նրա հետ», - հիշեցրեց ՀՀ փոխարտգործնախարարը։
Շավարշ Քոչարյանն ասում է,որ քանի դեռ Ադրբեջանը խուսափում է Արցախի հետ ուղիղ բանակցություններից, ավելին՝ ձևացնում, որ այդպիսի սուբյեկտ չկա, ուրեմն որևէ առաջընթաց բանակցություններում չի ցանկանում։
«Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն Ադրբեջանն ընդունել է Արցախը որպես հակամարտության կողմ, նրա հետ բանակցել է, և դրա շնորհիվ է՝ մենք ունեցանք այն արդյունքը, որը ժողովուրդները իրենց մաշկի վրա զգացել են:»,-ասաց նա:

Փոխարտգործնախարարը շեշետում է, որ առանց Արցախի բանակցությունների որևէ առաջընթաց անհնարին է, քանի որ որևէ մեկը լիազորված չէ խոսել Արցախի փոխարեն։
«Իրականում Ադրբեջանը ձևացնում է, թե բանակցում է, և բանակցությունների քողի տակ իրականացնում է քարոզչական պատերազմ՝ ապացուցելու միջազգային հանրությանը, որ իրականում այստեղ ոչ թե ինքնորոշման իրավունք է, այլ ընդամենը՝ տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև», - շեշտեց բանախոսը։
Այսպիսով՝ ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի` ինքնորոշման իրավունքը վերածվեց այդպիսի արյունալի հակամարտության, որովհետև Ադրբեջանը չի ցանկանում առաջընթաց, չի ցանկանում բանակցել և փորձում է ուժով հարցերը լուծել:
«Մի կողմից հայկական կողմն ասում է ինքնորոշում, մյուս կողմից Ադրբեջանն ասում է տարածքային ամբողջականություն, արձանագրենք, որ միջազգային իրավունքը թույլ չի տալիս հակադրել տարածքային ամբողջականությունը ինքնորոշման իրավունքի դեմ»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ ի պատասխան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ Ադրբեջանի կողմից տեղի ունեցան բարբարոսական գործողություններ՝ Սումգայիթի, Բաքվի ջարդեր, քնած հայ սպայի կացնահարում, Ապրիլյան պատերազմում։

 

Արմինե Գևորգյան