Բավ է պառակտվել
15-08-2019 13:11

<<Որևէ մեկին մեղադրանք առաջադրելու հիմք չկա>> . ՔԿ նախագահը Ամուլսարի եզրակացության մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ կառավարության անդամներին ներկայացրեց Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները:

«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, սակայն երկար շարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի ազդեցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն», -ասաց նա:

Եզրակացության մեջ, ըստ Գրիգորյանի, Ամուլսարի ստորգետնյա ջրերի հավանական ազդեցությունն է Դարբ, Արփա, Որոտան գետերի վրա: Համաձայն եզրակացության՝ դրա ազդեցության ռիսկերը կառավարելի կլինեն, եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող մեղմման 16 միջոցը:
««Լիդիան» ՓԲԸ-ն երեկ ծանոթացել է այդ եզրակացությանը հետ: Նախաքննության ընթացքում էլ ընկերության փորձագետները ներգրավված են եղել որպես կողմ և փորձագետների հետ աշխատել: Լիդիանի փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել: Դրանցից տասը արդեն իսկ կիրառվում է, իսկ հինգը ապագայում պատրաստ են կիրառել, մեկ միջոցի մասով էլ դեռ քննարկումներ են տարվում», - ասաց Գրիգորյանը:
Վերջինս նկատեց, որ Համաշխարհային բանկի կողմից գումար ստանալու համար «Լիդիանն» իր գործունությունը պիտի համապատասխանեցնի IFC ստանդարտին, որով նախատեսվում է հանքի օգտագործումից հետո 100 տարի մեղմման միջոցներ կիրառել, մինչդեռ փորձագիտական խումբը առաջարկել է կիրառել Նևադային ստանդարտը՝ մինչև 500 տարի:
«Ըստ էության, «Լիդիանը» չի հրաժարվում կիրառել 100-ից ավելի տարի մեղմման միջոցներ, եթե դրա անհրաժետությունը լինի», - ասաց նա:

Վարչապետը, ամփոփելով ասաց, որ կառավարության ներկայացուցիչները կծանոթանան փաստաթղթերին և կգան ընդհանուր եզրակացության:
Հայկ Գրիգորյանն ավելացրեց, որ ստացված եզրակացությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու: Վարչապետը հարցրեց, թե այսինքն՝ կարճվելու է այդ գործը, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Որևէ հիմք որևէ մեկին մեղադրանք առաջադրելու, մեղադրելու չկա, և գործի քննության ուղղվածությունը դա է»: