Բավ է պառակտվել
09-02-2021 11:42

Այսուհետ Արցախ մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է պաշտոնական թույլտվություն ստանան

Ելնելով անվտանգության նկատառումներից թարմացվել է հետպատերազմյան պայմաններում օտարերկրյա քաղաքացիների Արցախի տարածք մուտքի կարգը, հայտնում է Արցախի արտգործնախարարությունը:

Արցախ այցելել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները նախ պետք է դիմեն Արցախի արտաքին գործերի նախարարություն` հանրապետություն մուտքի թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես մուտքի արտոնագրի կարիք ունեցող օտարերկրյա քաղաքացիների, այնպես էլ այն երկրների քաղաքացիների վրա, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև Ռուսաստանի խաղաղապահ ուժերին։

Հայտերը հաստատելուց հետո այդ մասին տեղեկացվում են դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք համապատասխան վիզաները ստանում են Երեւանում՝ Արցախի մշտական ներկայացուցչությունում: Դրանից հետո նրանք կարող են ժամանել Արցախ:

«Ինչ վերաբերում է ժամկետներին, համապատասխան աշխատանքներ են տարվում մեխանիզմները բարելավելու ուղղությամբ: Մուտքի թույլտվությունը կտրվի 3-4 աշխատանքային օրվա ընթացքում: Իհարկե, երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տևել, ինչի մասին դիմում ներկայացրած օտարերկրյա պետության քաղաքացի կտեղեկացվի», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մեխանիզմը ներդրման փուլում է: Նշված սխեմայով վերջին օրերին Արցախ են ժամանել արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: