Բավ է պառակտվել
11-09-2020 13:10

Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած մտքերը նոր կրքեր են բորբոքել

Նախօրեին Արցախի ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած որոշ հայտարարություններ նոր կրքեր են բորբոքել։ 
«Փաստ» թերթի տեղեկություններով Արցախում բավական խնդրահարույց են համարում Բաբայանի այն հայտարարությունը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր լիազորությունների մի մասը գաղտնի հրամանով փոխանցել է իրեն և իր կառույցին։ 
Ըստ մասնագետների, սա նախ՝ սահմանադրական առումով է մեծ թվով հարցեր առաջացնում, երկրորդ՝ քաղաքական առումով նոնսենս է։ Արցախցիներն իրենց քվեն տվել են անձի, որը, ըստ Բաբայանի, նախագահի իր լիազորությունների մի մասը փոխանցել է ԱԽ քարտուղարին։

Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս հայտարարությունը շոկային է եղել նաև Հարությունյանի թիմակիցների համար, որոնք տևական ժամանակ է՝ խոսում են երկրում կառավարման համակարգի նոր խափանումների մասին։  Զրուցակիցներից մեկը նշել է, որ ԱԺ-ում կայացած հանդիպումը պարզորոշ ցույց տվեց, որ միգուցե Արցախի նախագահն ու ԱԽ քարտուղարը որոշ սկզբունքային հարցերի առումով տարաձայնություններ չունեն, սակայն առկա խնդիրները լուծելու եւ դրանց պատկերացումների վերաբերյալ դիրքորոշումների ահռելի տարբերություն կա»: