Բավ է պառակտվել
18-02-2022 13:41

Արցախի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մասին օրինագիծը

Արցախի Ազգային ժողովն ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որի նախագծի մշակման աշխատանքները դեռևս ամիսներ առաջ մեկնարկել էին կառավարությունում, հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Այս օրենքը ոչ միայն պետության քաղաքական դիրքորոշման իրավական ձևակերպումն է, այլ նաև կարգավորում է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրավահարաբերությունները, հստակեցնում է Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներ»,- գրել է նա տելեգրամյան իր ալիքում։
Նա նշել է, որ այդ օրենքը առնչվում է և՛ տնտեսական հարաբերություններին ու ընթացակարգերին, և՛ ընդերքի ու այլ բնական ռեսուրսների օգտագործմանը, և՛ մարդու իրավունքների պաշտպանությանը:
Բացի դրանից, նրա խոսքով՝ «կարևոր է հաշվի առնել, որ օտարերկրացիները պետք է մուտքի թույլտվություն ստանան ԱՀ կողմից՝ բռնազավթված տարածքներ այցելելու համար, իսկ մարդասիրական առաքելություն իրականացնող անձինք՝ առնվազն տեղեկացնեն ԱՀ իշխանություններին»:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանափակ իրավական մեխանիզմներ ունենք օրենքում նշված գործառույթները կատարելու և նպատակներին հասնելու համար, սակայն պարտավոր ենք եղած իրավական ու քաղաքական մեխանիզմներն առավելագույնս օգտագործել այդ ուղղությամբ: Արցախի Հանրապետության տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ»,- գրել է Բեգլարյանը: