Բավ է պառակտվել
16-02-2022 12:49

Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մասին օրինագիծը

Արցախի ազգային ժողովը չորեքշաբթի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Որոշումն ընդունվել է միաձայն, օրինագծին կողմ է քվեարկել 31 խորհրդարանական։
Ինչպես ասել է նիստին Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ օրինագծի ընդունումը շատ կարևոր է և ժամանակին։ «Միգուցե նույնիսկ մի փոքր ուշացել ենք, բայց ի վերջո մեր երկրի մեծ մասը բռնազավթված է, և մենք պարտավոր ենք ունենալ այս օրենքը։ Այն արտացոլում է Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի և հասարակության տեսլականը իր անցյալի, ներկայի ու ապագայի մասին»,- ընդգծել է Բաբայանը։
Նրա խոսքով, Ազգային ժողովի կողմից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին օրենքի ընդունումը պատմական քայլ կլինի, որը կարևոր է ոչ այնքան այսօրվա համար, որքան կկանխորոշի մեր ապագան։
Օրինագծի համահեղինակներն են Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները։
Ինչպես նշվում է Արցախի Ազգային ժողովի կայքում տեղադրված փաստաթղթում, օրինագծով սահմանվում է 1991-1994թթ-ին, 2016թ-ին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված առանձնահատկությունները։
Օրինագծի համաձայն բռնազավթված տարածքներ են համարվում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները.
Փաստաթղթում նշվում է, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։
Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն, ներառյալ լիցենզիա, թույլտվություն, գրանցում պահանջող գործունեություն և ցանկացած շինարարություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։
Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ իրականացված տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը և միջոցները, ինչպես նաև շինարարության արդյունքում կառուցված շինությունները հանդիսանում են անօրինական ճանապարհով ստացված և առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։