Բավ է պառակտվել
27-12-2021 16:13

Արցախի խորհրդարանն վրդովմունք է հայտնել Փաշինյանի հնչեցրած մի շարք վտանգավոր և խեղաթյուրված ձևակերպումների ու մտքերի ատնչությամբ

Երկուշաբթի օրը գումարված արտահերթ նիստում Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը և սուբյեկտիվությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների վերաբերյալ։

Արցախի խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու որոշումն ընդունվել է դեկտեմբերի 24-ին առցանց մամլո ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններից հետո։

Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունները

Դեկտեմբերի 24-ին, պատասխանելով Ֆեյսբուքում ԶԼՄ ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային ողջ գործընթացի ընթացքում «երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը»:

«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական բնակչություն», - պնդել է Հայաստանի վարչապետը:
Նա չի համաձայնել, որ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել բանակցություններից, որպեսզի «Արցախը մնա հայկական»։
«Երբ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցություններն էն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար։ Դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետև Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ, քանի որ նկատի է առնվում բնակչության կազմը, իսկ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախն ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն»,- նշեց Փաշինյանը։
Նրա կարծիքով, ԼՂ-ում օրենսդիր իշխանությունն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա»։
«Լեռնային Ղարաբաղում լինելու էին տեղական ինքնակառավարման մարմիններ, բայց դրանք ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական էին լինելու։ այս փաստաթուղթը ոչ միայն ապրիլյան պատերազմի հետևանք էր, այլ նաև պատճառ», - ասել է Փաշինյանը:

Արցախի խորհրդարանի հայտարարությունը
Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և նենգափոխող հայտարարություններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման գործընթացը։ Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն։ Տարակուսելի է, որ վերջին նման հայտարարությունը հնչել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում։

Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ Արտահայտելով Արցախի Հանրապետության հանրային և քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնությունն ու վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցի ընթացքում հնչած մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ։

Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 1988 թ. ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը և նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ։

Նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի իրավական և քաղաքական հիմքերը և մեր ազգային շահերի պաշտպանությունն այդ համատեքստում որևէ հակասության մեջ չէր մտնում միջազգային կառույցների և միջնորդների ներկայացրած դիրքորոշումների հետ։

Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսվել միջնորդների կողմից նախկինում ներկայացված առաջարկություններում, հաստատվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված պարզաբանումներում։

Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկված աշխատանքային տարբերակների և բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխման մասին շահարկումները մտահոգիչ և վտանգավոր են։

Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները, որոնք մերժելի ու պարսավելի են Արցախի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի դիմաց։

Գլուխ խոնարհելով արցախյան գոյապայքարի բոլոր նահատակների առջև, միաժամանակ երախտագիտություն ենք հայտնում համայն հայությանը, մասնավորապես ՀՀ մեր հայրենակիցներին՝ Արցախի կողքին կանգնելու, նրա տառապանքներն ու զրկանքները միասին կիսելու համար:

Հայկական երկու հանրապետությունների եղբայրական փոխհարաբերությունների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է դեռևս 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած որոշումը, որը հստակ սահմանել է միջազգային հանրության լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության նկատմամբ: Այդ որոշմամբ ՀՀ-ը պարտավորվում է «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»: Սահմանվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այս բանաձևն արդիական է նաև այսօր:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարցում, հայտարարում է՝ անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները»։

2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Ըստ հայկական կողմի վերջին տվյալների, որոնք հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն՝ Արցախում 44-օրյա պատերազմում զոհվել է 3788 մարդ, անհետ կորած է համարվում 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ; ադրբեջանական գերությունից վերադարձվել է 114 զինծառայող և քաղաքացիական անձ։