Բավ է պառակտվել
24-09-2021 22:13

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում․ հայերն այնտեղ չեն կարող ապրել․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որոնք 2020թ․ աշնանը պատերազմի արդյունքում հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանում:

«Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին», - հիշեցրել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։

«Այդ գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է էթնիկ ամբողջական մաքրման: Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխել զանգվածային ոճրագորխություններն: Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել արյունահեղությունը, և նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն: «Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են կայունության և անվտանգության ապահովման երաշխիք»,-հայտարարել է Փաշինյանը: