Բավ է պառակտվել
19-03-2019 16:06

Ղարաբաղյան հարցում Հայաստանի նախաձեռնությունը ոչ թե մարտահրավերն է, այլ՝ երկխոսությունը․Փաշինյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությունները ոչ թե մարտահրավեր են, այլ՝ երկխոսության կոչ, երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցին։

“Երկխոսությունը սկսվել է Դուշանբեում, շարունակվել Սանկտ-Պետերբուրգում և Դավոսում։ Մենք չենք կարող պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ կողմերից մեկը հայտարարի, որ հրաժարվում է երկխոսությունից: Դա տրամաբանական չէ, հետևաբար մենք նույնպես չենք հրաժարվում երկխոսությունից: Այդ պատճառով մենք բանակցային սեղանի մոտ կներկայացնենք մեր ապացույցները և կլսենք մեր ընդդիմախոսների փաստարկներն”,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ խոսքը ձևաչափի (բանակցությունների՝ խմբ.) փոփոխության մասին չէ, այլ դրա վերականգնման, քանի որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունը նախատեսված է միջազգային հանրության կողմից ընդունված փաստաթղթերով։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունը քմահաճույք կամ նախապայման չէ, այլ վկայում է դրա առանցքային նշանակության մասին ղարաբաղյան կարգավորման հարցում:

Փաշինյանը պարզաբանել է, որ Հայաստանը հակառակ կողմին լսելու պատրաստակամություն է ցուցադրել և ակնկալում է նույն արձագանքը։

“Մենք կշարունակենք մեր ընկերների հետ քննարկումները, հիմնվելով փաստերի վրա։ Այնտեղ, որտեղ մեր գործընկերները մեր դիքորոշումը շատ կոշտ կհամարեն՝ կարող ենք մեղմել այն, բայց նույնն էլ ակնկալում ենք գարծընկերներից․հակառակ դեպքում դա բանակցություն չի լինի”,-ասել է նա։

Սրա հետ մեկտեղ Փաշինյանը նորից կրկնել է Մադրիդյան սկզբունքները հստակեցնելու անհրաժեշտության թեզը։

“Մենք ունենք տեքստը և նրա տասնյակ մեկնաբանությունները, որոշները՝ պետական մակարդակով։ Կարևոր է հասկանալ, որ մեկնաբանությունն է հիմք ընդունվելու հետագա բանակցությունների ընթացքում։ Այն մեկնաբանությունը, որը տալիս է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է։ Մենք կարող ենք գնալ մեր մեկնաբանության ճանապարհով, սակայն այն ևս իրավիճակից ելք չէ”,- ասել է նա։

Փաշինյանն ուզում է, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ Ադրբեջանը հասկանան, ինչ են գործնականում նշանակում այդ սկզբունքները։

“Այդ անհրաժեշտությունն առաջացել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այլ միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ, քանի որ կան տարբեր մեկնաբանություններ, որոնց մի մասը հրապարակային է, մյուսը` ոչ”, - ասել է կառավարության ղեկավարը: