Բավ է պառակտվել
07-08-2019 11:43

Փաշինյանը՝ Համահայկական խաղերի բացմանն Արցախում․”մենք անհաղթ ենք, երբ միասին ենք”

Նախօրեին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է 7-րդ Համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի և Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնական անձիք, Սփյուռքի ներկայացուցիչներ։

Բացման գեղարվեստական ծրագրի ավարտից և մասնակիցների շքերթից հետո Հայաստանի վարչապետը հանդես է եկել ճառով։

Միասնության ուժը

“Այսօր մեր հայրենիքում տոն է, որովհետև մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից մեկտեղվել են հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում, և մենք վայելում ենք միասին լինելու, իրար հետ լինելու երջանկությունը։ Իսկ ինչո՞ւ է մեզ այսպիսի երջանկություն պարգևում միասին լինելը, որովհետև մեր երակներում հոսում է նույն արյունը, մեր երակներում հոսում է Հայկ Նահապետի արյունը(հայ ժողովրդի նախահայր՝խմբ), մեր երակներում հոսում է Արտաշես արքայի արյունը (Մեծ Հայքի առաջին թագավոր՝խմբ), մեր երակներում հոսում է Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Նարեկացու արյունը”,- ցիտել է Փաշինյանին կառավարության մամլո ծառայությունը։

“Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։ Մենք հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, որ ունենք պետականություն և ունենք կամք՝ մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակներով շարունակելո”,-շեշտել է նա։

Վարչապետը հաջողություն է մաղթել մասնակիցներին արդար մրցակցության մեջ և հայտարարել Համահայկական խաղերը բացված։

Համահայկական խաղերը՝ պատասխան ագրեսիային և բռնությանը

Մասնակիցներին ողջյունի խոսքով է դիմել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

“Այսօր հիշարժան օր է Արցախի կյանքում. Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ անց են կացվում մեր հանրապետությունում: Ստեփանակերտում են գտնվում մայր Հայաստանից, Արցախից և Սփյուռքից բազմաթիվ մարզիկներ ու մարզիչներ, երկրպագուներ ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են սպորտը: Այստեղ չկան հյուրեր, այստեղ բոլորն իրենց տանն են, իրենց պապենական օջախում: Բարի գալուստ Արցախ աշխարհ”,-ցիտել է նրան նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդն ընդգծված վերաբերմունք ունի սպորտի հանդեպ, դեռևս վաղնջական ժամանակներում Հայաստանում կազմակերպվում էին համաժողովրդական խաղեր, իսկ հայ մարզիկները մասնակցում էին տարբեր սպորտային մրցաշարերի, այդ թվում նաև անտիկ ժամանակաշրջանի Օլիմպիական խաղերին, ինչի մասին վկայում են պահպանված արձանագրությունները:
“Համահայկական խաղերն իրենց բնույթով կարելի է համարել մեր սպորտային անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարևոր մի օղակ”,-ընդգծել է նա:
Հիշեցնելով, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին, Ապրիլյան պատերազմից հետո, ինչն ինքնին խորհրդանշական է՝ նախագահը նշել է որ դա յուրովի մի պատասխան է ագրեսիային և բռնությանը:

“Սպորտը, մարմնավորելով ուժ, կամք, կազմակերպվածություն ու միասնականություն, միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը: Այն չի ճանաչում սահմաններ և խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների: Մեր պարագայում դա ևս մեկ խթան է՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանն”,-ասել է Սահակյանը:

Համահայկական խաղերի մասին

Համահայկական 7-րդ ամառային խաղերն անցկացվում են Հայաստանում և Արցախում օգոստոսի 5-17-ը: Այս տարի լրանում է Խաղերի 20-ամյակը: Բացման արարողությունը և մրցումների 3 օրն անցկացվում են Ստեփանակերտում, իսկ մրցումների հաջորդ օրերը` օգոստոսի 9-17-ը, կանցկացվեն Երևանում: Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին, Երևանի Ազատության հրապարակում:

Համահայկական 7-րդ խաղերին մասնակցում է 35 պետության 161 քաղաք: Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակություններում ընդգրկված մարզիկների, մարզիչների, միությունների և դատավորների թիվը հասնում է մոտ 5300-ի: Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որն ընդգրկում է 368 մարզիկ 14 քաղաքից: Այս տարի մասնակցում է երեք նոր պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Նախորդ տարիների համեմատ այս տարի Համահայկական ամառային 7 խաղերին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանել է ամենամեծ պատվիրակությունը` 318 ներկայացուցիչ Միացյալ Նահանգների 11 քաղաքից: Եվրոպական երկրներից ամենամեծ թվով պատվիրակներ ժամանել են Ֆրանսիայից` 178 մարզիկ 6 քաղաքից: Ավստրալիայից՝ նախորդ խաղերի համեմատ, ժամանել է պատվիրակների ամենամեծ քանակը՝ 86 մասնակից:

Ընդհանուր առմամբ, Համահայկական 7 ամառային խաղերի ծրագրում ընդգրկված են 17 մարզական առարկա, հինգ մարզաձևերի մրցաշարեր կանցկացվեն Արցախում, իսկ 12-ը` Երևանում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված կազմակերպություն է, Համահայկական խաղերը հանդիսանում են նաև ՄՕԿ-ի միջազգայնորեն ճանաչված խաղեր: