Բավ է պառակտվել
25-07-2019 11:01

Արցախում զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է մարտական դիրքի ավագը

Ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանի մահվան փաստով ձերբակալվել է մարտական դիրքի ավագն։ Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը։

2019թ հուլիսի 23-ին, ժամը 22։55-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանը փորձել է սպանել մարտական դիրքի ավագին։ Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից դիտավորությամբ կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Դրանից անմիջապես հետո Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը։ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, կողքին ընկած է եղել նրա ինքնաձիգը:

“ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնի գործողություններ իրականացնելը) նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագը։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է”,- գերլ է Հարությունյանը:
Ավելի վաղ, դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով (ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։