Բավ է պառակտվել
20-01-2023 16:51

Արցախի գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից, մասամբ վերականգնվել է, կլինեն սահմանափակումներ

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հանրապետություն գազ չի մատակարարվել հունվարի 18-ից։
«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Տեղեկատվական շտաբը բնակչությանը հորդորում է լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակումը

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։

Հունվարի 9-ից վնասվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ միակ բարձրավոլտ գիծը՝ Ահավնո-Բերձոր հատվածում, որը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնել, ինչի կապակցությամբ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունենում։

Հունվարի 12-ին հայտնի դարձավ ինտերնետ մալուխի վնասման մասին, ինչի պատճառով Արցախում մեկ օրից ավելի անհասանելի էր ֆիքսված ինտերնետը։ Հունվարի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը թույլ է տվել Ղարաբաղ-Տելեկոմի մասնագետներին մեկնել վթարման վայր և վերացնել վթարը։

Հունվարի 17-ին շրջափակման պատճառով Հայաստանում մնացած 19 արցախցի երեխա տուն են վերադարձել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։