Բավ է պառակտվել
23-02-2021 13:16

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոնողական աշխատանքները դադարեցվել են

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոնողական աշխատանքները դադարեցվել են եղանակային պայմանների պատճառով։
Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողներին ասել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից որոնողական աշխատանքներ իրականացնելու արգելքը։

Նախարարը վստահ է, որ շուտով եղանակային պայմանների բարելավմամբ այդ տարածքներում որոնողական աշխատանքները կվերսկսվեն:
Խոսելով ռազմագերիներին վերադարձնելու խնդրի մասին՝ նախարարը նշել է, որ այդ հարցը մնում է իշխանությունների ուշադրության կենտրոնում։ «Մեր միջգերատեսչական խումբն աշխատում է բոլոր ուղղություններով՝ այդ խնդրի լուծումն ապահովելու համար», - հայտարարեց Այվազյանը։

Նրա գնահատմամբ, Ադրբեջանի վրա միջազգային ճնշումն օրեցօր աճում է։ Ինչպես և ենթադրվում էր, Ադրբեջանի կողմից գերիների վերադարձին խոչընդոտելու քաղաքականությունը «գլխացավանք է դառնում ադրբեջանական կողմի համար»։
Նախարարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կհրաժարվի ռազմագերիներին պատանդ պահելու քաղաքականությունից և կապահովի այդ կարևոր մարդասիրական հարցի դրական լուծումը: Լրագրողների ճշտմանը, թե այդ հարցի լուծման ինչ-որ ժամկետներ կան, Այվազյանը կոչ արեց համբերությամբ լցվել։

«Մենք պետք է ավելի շատ համբերություն եւ լավատեսություն ցուցաբերենք», - կոչ է արել նախարարը: Նա կրկին ընդգծեց, որ հարցը «մեր ուշադրության կենտրոնում է»։ Ռազմագերիներին վերադարձնելու հարցով զբաղվում են ոչ միայն Հայաստանի իշխանությունները եւ միջգերատեսչական խումբը, այլեւ Հայաստանի միջազգային գործընկերները, որոնք «շատ մեծ ջանքեր» են գործադրում։