Բավ է պառակտվել
19-11-2020 15:09

Հետպատերազմյան Ստեփանակերտ (լուսանկարներ)

Պատերազմի ավարտի 4-րդ օրն է։ Մեկնում ենք Արցախ, մայրաքաղաք Ստեփանակերտ։ Րոպե առաջ ուզում եմ տեսնել «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակը։ Բայց այդ կողմով չենք կարող գնալ, քանի որ ճանապարհը դեռ փակ է։ Ստեփանակերտ գնում ենք Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածով։ Փորձում ենք գտնել աշխատող հյուրանոց կամ իջևանատուն։ Գրեթե բոլորը փակ են, ընդամենը երկուսն են գործում, ազատ համարներ չկան։ Մենք գիշերում ենք Հալեպից տեղափոխված սիրիահայ գործարար Հովիկ Էսմարյանի բնակարանում։
Արդեն ուշ գիշեր է, քաղաքն ամբողջովին լուսավորված չէ, երևում են հատուկենտ լույսեր, սակայն քաղաքի կենտրոնում գործող «Սանռայ» ռեստորանի սեփականատեր սիրիահայ Հովիկ Էսմարյանը, որի տանը գիշերելու ենք, որոշեց վառել փողոցի ամբողջ լույսերը, սեղանները դնել հենց փողոցում` այսպես արցախցիներին կոչ անելով օր առաջ վերադառնալ հայրենի օջախներ։ Հովիկը արագ–արագ սեղանները դուրս է հանում, դասավորում, լույսերը վառում։
«Այս պատերազմը չավարտվեց այնպես ինչպես մենք էինք փափագում, բայց միևնույն է, բայց մեր հոգին չընկճվեց, բայց թեկուզ այդ մեծ բանակը մեզ վրա հարձակվեց, բայց մենք շարունակում ենք մնալ այստեղ ու ես մենակ չեմ, քանի որ արցախասեր ժողովուրդը այստեղ է։ Մենք պետք է վերադառնանք մեր քաղաքը ու փաստենք, որ մենք պատաստ ենք հաջորդ ռաունդին։ Երբ է լինելու չգիտեմ, բայց դատարկ տունը ավերվում է, մեր ամեն մեկի տունը սպասում է մեզ ու մարդը հպարտ է իր տան մեջ»,–ասաց Հովիկը։


Գիշերն անցնում է, լույսը կամաց–կամաց բացվում, իսկ օդում կախված է լարվածությունն ու անորոշությունը։ Ստեփանակերտի փողոցներում ման եմ գալիս, գնում եմ թշնամու ռմբակոծած վայրերը՝ ծննդատուն, Էլեկտրակայան, Ստեփանակերտի շուկա։
Քաղաքը քիչ–քիչ արթնանում է։ Կանգնած եմ մի շենքի դիմաց, որն ամբողջովին վնասվել է։ Նկատում եմ մարդկանց, որոնք տան իրերն են դուրս բերում։ Ինձ թվում է, թե նրանք հեռանում են քաղաքից։
«Չէ, ինչ գնալ ․․․ մեր տունը ստեղա, հենա իմ տունը 5-րդ հարկում է մեջը լոխ ցրիվ տված։ Վերջը լոխ լյավ լինի, Չէ ես քինողը չիմ,սա իմ քաղաքսա։ Բայց մեր Ղարաբաղը ծախալ են, Շուշին մեր ձեռքինա իլալ, պրիկազ են տվալ թե քշացեք։ Թուրքը ընտեղ չի կարա լինի, էլ հինչ ասիմ»։
Ստեփանակերտցի Էդիկը գլխիկոր կանգնած է իր փլված տան դիմաց, ասում է` ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ, մնալու, շենացնելու է հայրենի քաղաքը։ Ասում է` տունը մի կերպ կսարքեն, տղաների շիրիմները չեն թողնի ու հեռանան։
«Ես չեմ կարծում, որ հիմա հայ լինի, որ լավ լինի։ Բայց պիտի մնանք ու ապրեք այստեղ»։

 

Քայլերս, ավանդույթի համաձայն, ուղղում եմ դեպի Ստեփանակերտի շուկա։ Աչքիս առաջ այն տեսարաններ էին, երբ այստեղ մտնելոց լսվում էին ժիգյալի, տարատեսակ թթուների տաղավարներ հրավիրող վաճառողների ձայնը։ Հիմա շուկան ամբողջությամբ ավերված է։ Նկատում եմ, որ տաղավարներից մեկը բաց է

«Օղորմածիկ վարչապետը և Արայիկ Հարությունյանը եթե մի օյին էլի չբերեն մեր գլխին, ես շարունակելու եմ ապրել այստեղ։ Բայց եթե սատանան զարթնի ու քաղաքը վերցնի ո՞նց եմ ապրելու թուրքերի հետ»,-ասում է արցախցի մի բնակիչ։
Շուկայից քայլերս ուղղում եմ դեպի կենտրոն, տեսնում եմ արդեն կամաց կամաց ավելացող լվացքի պարանները։ Շենքի 5-րդ հարկի պատուհանի մոտ տիկին Ասիան լվացք է փռում։ Մեզ տեսնելով խնդրում, որ իրեն չնկարենք, քանի որ առավոտ շուտ է, դեռ չի հասցրել իրեն կարգի բերել։

«Եթե ես կռվի ժամանակ դուրս չեկա, հիմա հաստատ դուրս չեմ գալու։ Կմնամ ու մի կերպ կապրեմ»:
Քաղաքը քիչ-քիչ, դժվարությամբ, ծանր, բայց սկսում է նորից շնչել։ Ամեն օր քաղաքում ավելի ու ավելի շատ խանութներ են բացվում, ավելի շատ ավտոմեքենաներ ու մարդիկ են հայտնվում։ Բայց քաղաք վերադարձող բնակիչների համար դեռևս շատ անհասկանալի է ու անհայտ։ Առաջին հերթին ոչ այնքան կենցաղային խնդիրները, որքան Արցախի կարգավիճակի ու ապագային վերաբերող հարցերը։

«Դուք լրագրող եք կիմանանք, սրա վերջը ինչ կլինի; Նայած ռուսը ինչ օրենքներ կձեռնարկի, խաղապահները ինչ են անելու։ Մեր անվտանգությունը ով ա ապահովելու։»
Հարցեր, որոնք այդպես էլ առկախված են օդում։ 



Արմինե Գևորգյան