Բավ է պառակտվել
15-10-2019 21:20

«Խնդիր էին դրել ազատագրել Աղդամը, ինչին ՀՀ իշխանությունները դեմ էին»։ Վիտալի Բալասանյան

Ադրբեջանը, մի շարք այլ պետություններ ևս հայտարարում են, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց ո՞րն է այդ տարածքը: Եթե Ադրբեջանը համարում է, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքները, թող մեզ դատի տա միջազգային ատյաններում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը:
Բալասանյանի խոսքով` արցախյան ազատամարտի տարիներին, երբ հայկական կողմը հաջողություններ էր գրանցում, ադրբեջանցիները վազում էին ՄԱԿ, բանաձևեր ընդունել տալիս, հետո երբ վերակազմակերպվում էին, նորից սկսում էին հարձակողական գործողությունները.
«Դրա վառ ապացույցը 2016-ի ապրիլյան դեպքերն էին. երբ հայկական կողմն սկսեց պաշտպանությունը և պատրաստ էր անցնել հակահարձակման, վազեցին Կրեմլ, խնդրեցին, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն»,–ասաց Բալասանյանը։ 
«Պաշտոնական պատասխանատու հայտարարություն եմ անում, երբ ազատագրել ենք Քարվաճառի շրջկենտրոնը, 1993թ-ին հայտնի Գորիսի հանդիպմանը, երբ հրավիրվել էր այնտեղ այն ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որպեսզի ստորագրեն այն փաստաթուղթը, որ մեր զորքերը Քարվաճառից դուրս են գալիս, արցախյան կողմը՝ ռազմաքաղաքական իշխանությունը դեմ է արտահատվել, մենք որևէ փաստաթուղթ չենք ստորագրել: Հիմա ասում են, թե առանց Լևոն Տեր-Պետրոսյանի գիտության այդ ո՞նց եք ազատագրել այդ տարածքները, այդ հարցին թող պատասխանի Լևոն Տեր-Պետրոսյանը»,-ասաց նա:
Վիտալի Բալասանյանը նշեց, որ խնդիր էին դրել՝ ազատագրել Աղդամը, ինչին ՀՀ իշխանությունները ևս դեմ էին։ «Երբ մենք հարձակողական օպերացիան սկսել էինք, Լևոն Տեր-Պետրոսյանի ուղարկված ներկայացուցիչն ասաց, որ հեռու մնանք այդ օպերացիայից, բայց ԼՂՀ իշխանության որոշումը մեկն էր՝ րոպե առաջ լռեցնել ու ազատագրել Աղդամի տարածքը, որի հրամանատարը ես էի: Իմ ենթակայության տակ կար զորք, մարդկային քանակը 3000 էր, հուլիսի 22-ին սկսեցինք այդ օպերացիան, գիշերվա ժամը 3-ին լուր տվեցին, որ դադարեցնենք, չենք դադարեցրել։ Հուլիսի 23-ին ազատագրել ենք Աղդամը շրջակա բնակավայրերով»:

Արցախի ազգային հերոսնն իր խոսքում նշեց, որ մոտ մեկ շաբաթ ՀՀ իշխանություններն իրենց հորդորել են լքել Աղդամի տարածքը, սակայն չեն լքել։

«Մեկ շաբաթ անց Աղդամ է գալիս Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը և ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, կարող եք հարցում անել, հայտնվել են Աղդամում՝ իմ շտաբում, որտեղ գտնվել են գումարտակի բոլոր հրամանատարները: ՀՀ քաղաքական իշխանությունը որոշում էր կայացրել, որ լքենք Աղդամի տարածքը: Կոշտ բառակապակցությունները չկրկնեմ, կտրուկ տվել եմ պատասխան, մենք այդպիսի զորք չունենք, որ այդ տարածքը լքենք, մեր պատմական տարածքն է, որը կցել են Ադրբեջանին, հիմա թող Լևոն Տեր-Պետրոսյանին, Բաբկեն Արարքցյանին և Վանո Սիրադեղյանին հարցում անեն»,-ասաց նա:

 

 

Արմինե Գևորգյան