Բավ է պառակտվել
10-11-2020 20:16

«Արմեն Սարգսյանը պետք է հայտարարի, որ համաձայնությունը, որն ուզում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմ չէ». Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որը տարածվել է, իրավաբանորեն առոչինչ է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար:

«Նախ և առաջ, վարչապետն արդեն ոչ լեգիտիմ իշխանության, տվյալ դեպքում՝ կառավարության ղեկավար է: Երկրորդը՝ մենք պառլամենտական հանրապետություն ենք, և վարչապետը չէ, որ պետք է այդպիսի որոշումները կայացնի՝ չդիմելով առնվազն ԱԺ-ին:

Երրորդը՝ լինելով չճանաչված, բայց բոլոր դեպքերում պետական միավոր, Արցախի մասին երկու կամ երեք այլ պետությունների կնքած կամ համաձայնեցված որևէ փաստաթուղթ առոչինչ է՝ միջազգային իրավունքի համաձայն:

Եվ վերջինը՝ ժողովրդի կամքը հաշվի չի առնվել, իսկ ժողովրդի կամքը արտահայտված է շատ պարզ՝ մեր լավագույն որդիները և դուստրերը կանգնած են և շարունակում են պատերազամական գործողություններն ադրբեջանաթուրքական միավորման դեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հարցին, թե ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Փաշինյանը դեռ հնարավորություն ունի անցնցում փոխանցել իշխանությունը, և նախօրոք, ԱԺ-ում պետք է ստեղծվի մարմին, որն առաջարկում էինք գրեթե երկու–երեք շաբաթ, որը կկոչվի պայմանական՝ Պաշտպանության պետական կոմիտե, կամ՝ այլ ձևով: ՍԴ-ն տալիս է առնվազն երկու հնարավորություն ստեղծելու այդպիսի մարմին:

Կո՛չ եմ անում և կարծում եմ, «Իմ քայլը»՝ ԱԺ քաղաքական մեծամասնությունը, առնվազն նրանց մեջ եղած ոչ դավաճանական գաղափարախոսության կրողները, պետք է դա անեն անհապաղ: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է, դա պետք է հստակեցվի, ստեղծվի ժողովրդական տիբունալ և իրեն պատասխանատվության հրավիրեն՝ դիմելով համապատասխան ատյաններ դատական այն հոդվածով, որը խոսում է պետական դավաճանության մասին:

Քանի որ ՀՀ գլուխ հանդիսացող նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել այդ համաձայնությունից, կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ երկրի նախագահը հանդես գա համապատասխան հայտարարությամբ՝ հայտնելով, որ այդ համաձայնությունը, որին արդեն իսկ բանավոր իր համաձայնությունը տվել է և ուզում է ստորագրել ՀՀ վարչապետը, լեգիտիմ չէ, և իր համոզմունքների համաձայն՝ հայտարարի հետագա քայլերը»: