Բավ է պառակտվել
05-06-2020 13:05

Ալիևը չի կարող խուսափել հանցագործությունների պատասխանատվությունից, անգամ եթե պատերազմ սկսի․Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հնչեցրած հակահայկական հայտարարությունները:

“Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին: Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների մասին”,- գրել է Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում։

Նա Ալիևի խոսքերը Հայաստանում կոռուպցիայի և միաէթնիկության մասին խոսքերն անվանել է ևս մեկ զավեշտալի դրվագ, այն դեպքում, երբ հենց Ալևն է թաթախված տասնյակ միլիարդ դոլարների հասնող կոռուպցիոն սկանդալներում և հայտնի է ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող զանգվածային բռնաճնշումներով, իսկ իր արհեստածին պետությունը՝ հայության նկատմամբ կատարած ցեղասպանական գործողություններով:

“Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Իլհամ Ալիևը կհայտնվի մեղադրյալի աթոռին իր հանցագործությունների համար։ Նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ թալանած միլիարդավոր նավթադոլարները, նույնիսկ եթե այս պատրվակով պատերազմ սկսի”, - ասել է Արցախի նախագահը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Վերջերս Ադրբեջանի իշխանությունների հրապարակային հայտարարություններում ակտիվացել է ատելության և հակահայկական տրամադրությունների հռետորաբանությունը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը նախօրեին ասել է, որ վերջերս տարբեր գերատեսչությունների և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից արված հակահայկական հայտարարությունները զուրկ են բովանդակությունից և հիշեցնում են հիստերիա:

Նա նշել է, որ Ադրբեջանի ներկայիս կառավարությունը, որը հայատյացությունը դիտարկում է որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր, սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։