Բավ է պառակտվել
15-09-2022 11:29

Արցախի նախագահը Երևանում է՝ խորհրդակցություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները», - նշել է Ավանեսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին խորհրդարանում մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց, այդ թվում՝ հայտնեց պատրաստակամության մասին՝ «ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել».

Երեկոյան խորհրդարանի և կառավարության շենքի մոտ ինքնաբուխ հավաքներ սկսվեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն էին հայտնում իշխանությունների քաղաքականության հետ, որոնց ակցիայի մասնակիցները մեղադրում են Հայաստանի և Արցախի շահերը չպահպանելու մեջ։

Սրան զուգահեռ՝ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ «ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման», «Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- ասաց Փաշինյանը։
Արցախի նախագահը նույնպես հայտարարեց, որ Հայաստանը Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկում։