Բավ է պառակտվել
20-09-2020 12:14

Արցախի նախագահը մտադիր է խորհրդարանի նստավայրը տեղափոխել Շուշի (լուսանկարներ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է խորհրդարանի նստավայրը տեղափոխել Շուշի։ 

“Արցախում մեծ ջանքեր են գործադրվում Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար։  Նախօրեին այցելել եմ բերդաքաղաք, ուշադրության կենտրոնում պահելով  այնտեղ սկսված լայնածավալ շինարարական աշխատանքների ակտիվ ընթացքը”,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ 

Աշխատանքային օրակարգի հարցերի թվում նախագահը նշել է բնակարանաշինությունը,  Ազգային ժողովի նստավայրի տեղափոխումը, խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցումը, Շուշի տանող ճանապարհի վերանորոգումը:

Նախատեսվում է, որ խորհրդարանը կտեղակայվի շրջկոմի շենքում, որը ներկայումս քաղաքի ամենամեծ շինհրապարակն է։ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է վերսկսել շինարարությունը։

Նախագահի խոսքով, ակնկալվում է, որ ԱԺ-ն այդ շենք կտեղափոխվի 2022թ -ին՝ շինարարական աշխատանքների ավարտից հետո։ Այդ իրադարձությունը կզուգադիպվի բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակին։ Նա հորդորել է պատասխանատուներին ժամանակին ավարտել շինարարական աշխատանքները։

”Սա ինքնանպատակ չէ: Երկրի օրենսդիր մարմնի տեղափոխումը Շուշի ունի ինչպես քաղաքական, այնպես էլ պատմական նշանակություն”,- շեշտել է նա։