Բավ է պառակտվել
15-08-2022 18:35

Արցախի նախագահը Հայաստան տանող այլընտրանքային ճանապարհն անվանել է նոր միջանցք՝ ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է շփման գծում վերջին սրացումներին և Արցախ - Հայաստան այլընտրանքային ճանապարհի խնդրին։

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը, ըստ Հարությունյանի՝ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև օգոստոսի 25-ը Ադրբեջանին կփոխանցվեն Արցախի Աղավնո, Բերձոր և Ներքին Սուս գյուղերը, որոնք գտնվում են Լաչինի միջանցքի երկայնքով։

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում նշվում է, որ այլընտրանքային ճանապարրհի ընդհանուր երկարությունը 11,8 կմ է, այն սկսվում է Ստեփանակերտ- Բերձոր մայրուղու 36-րդ կմ-ից՝ Բերձորի ենթաշրջանի Մեծ Շենի խաչմերուկից։ Ճանապահի 21-անոց հատվածը կառուցել է ադրբեջանական կողմը։

Աղավնո գետի նոր կամրջից դեպի Կոռնիձոր աշխատում է 3 հայկական ընկերություն, նրանք խնդիր ունեն 8 ոլորանով միանալ կամրջին:

Շինարարները նախատեսում են մինչև 2023 թ-ի գարնան սկիզբ ավարտել բոլոր տեսակի, այդ թվում՝ բետոնային աշխատանքները։

Օգոստոսի 25-ից հետո՝ մինչև շինարարության ավարտը, Հայաստանի և Արցախի միջև ցամաքային հաղորդակցությունը կիրականացվի 4,5 կմ երկարությամբ խճապատ ճանապարհով, որն այս օրերին վերակառուցում է Արցախի շինարարական ընկերություններից մեկը։