Բավ է պառակտվել
23-02-2023 16:59

Արցախի նախագահը Ռուբեն Վարդանյանին ազատել է պետնախարարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն բարդել ինձ վրա: Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Վարդանյանը Արցախի պետական ​​նախարարի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 4-ին։