Բավ է պառակտվել
23-11-2022 11:19

Արցախի նախագահը 9 նախարարի ազատել է պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ պաշտոնից ազատելով 9 նախարարի, հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Համաձայն այդ հրամանագրերի՝

Միքայել Հայրիյանն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին:

Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանին:

Անահիտ Հակոբյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին:

Արմինե Պետրոսյանն ազատվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից: Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին:

Հայկ Խանումյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանին:

Ժիրայր Միրզոյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Արամ Սարգսյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Վահրամ Բաղդասարյանն ազատվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Նոյեմբերի 9-ին Արցախի պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը առանձնացրել է այն հինգ հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի հանրապետության կառավարության գործունեությունը․ Արցախի սուբյեկտայնություն,
անվտանգության հետ կապված հարցեր, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում, մշակութային, կրթական, սոցիալական հարցեր, պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։
Վարդանյանը ներկայացրել է նաև իր նորանշանակ խորհրդականներին և նշել այս փուլում նրանց համակարգման ոլորտները. Արտակ Բեգլարյանն զբաղվելու է արտաքին քաղաքական, սոցիալական, հումանիտար խնդիրներով, Գրիգորի Մարտիրոսյանը՝ ենթակառուցվածքների ոլորտով, Նարինե Աղաբալյանը՝ կառուցվածքային և կազմակերպչական, Մեսրոպ Առաքելյանը՝ ֆինանսական, իսկ Արման Հակոբջանյանը՝ օպերատիվ հարցերով: