Բավ է պառակտվել
15-09-2020 22:50

Արցախի նախագահը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման 7 սկզբունքները (տեսանյութ)

Արցախում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի առաջին նիստը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հարությունյանը հիշեցրել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայությունը հանրապետության անվտանգության ամենամեժ սպառնալիքն է։ 

«Արցախը պատրաստ է խաղաղ կարգավորման: Այնուամենայնիվ, մենք ունենք հստակ սկզբունքներ, որոնք ընկած են մեր քաղաքականության հիմքում: Նախ, Արցախի իշխանությունները պետք է լիիրավ և լիարժեք մասնակցեն խաղաղ և վերջնական կարգավորման բոլոր փուլերին: Երկրորդ՝ Արցախի ինքնիշխանությունն, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ոչ մի պարագայում չեն կարող վտանգվել կամ սակարկությունների առարկա դառնալ», - ասել է Հարությունյանը:

Երրորդ կետով նա նշել է, որ կողմերի միջև բովանդակային քննարկումներն անհնար են առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Որպես չորրոդ կետ Հարությունյանը նշել է բռնի ուժով կամ ուժի գործադրման սպառնալիքով կարգավորման փորձերի բացառումը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրել: Հակառակ դեպքում Արցախը պատրաստ է անհամաչափ պատասխան տալ Ադրբեջանի հարձակմանը՝ ռազմական գործողություններ տեղափոխելով նաև նրա տարածք:

«Հինգերորդ, Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի կամ անհամաչափ զիջումները: Վեցերորդ, փախստականների և ներքին տեղահանված (հայ՝ խմբ.) անձանց իրավունքները պետք է հաշվի առնվեն ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների իրավունքների հետ հավասար», - ասաց Հարությունյանը:

Որպես վերջին սկզբունք նա մատնանշել է, որ միջազգային հանրությունը (առաջին հերթին ՝ ԵԱՀԿ-ն և համանախագահող երկրները) պետք է բացառեն Արցախի իրավունքների ոտնահարումը և սահմանափակումը  առճակատման և հանրապետության միջազգային կարգավիճակի պատճառով, ներառյալ միջազգային մարդասիրական ծրագրերին մասնակցելու հնարավորությունը, ինչին Ադրբեջանը փորձում է հասնել միջազգային իրավունքի հայտնի սկզբունքներին հակառակ:

Հարությունյանը նշել է, որ անվտանգության ոլորտում Արցախի իշխանությունների հիմնական առաքելությունն Արցախի բնակչության, իսկ լայն իմաստով` հայ ժողովրդի անվտանգության երաշխավորումն է: Այս համատեքստում հանրապետության ղեկավարը նշել է քաղաքականության գերակա ուղղությունները, որոնք ներառում են ռազմական անվտանգությունը, կայուն տնտեսական զարգացումը և ինքնաբավությունը, կայուն և արդյունավետ քաղաքական համակարգի ձևավորումը և տեղեկատվական անվտանգության ապահովումը:

Նա կարևորել է բոլոր պետական​մարմինների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարումը: