Բավ է պառակտվել
29-03-2022 10:50

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին:
Ինչպես երեքշաբթի հաղորդել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Հանրապետությունում կայունության ապահովումն է:
Նախագահի խոսքով՝ Արցախի զինված ուժերի ու ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման և ուժային մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ:

Լարվածության սրացում Արցախում

Մարտի 24-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները ներխուժել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարք։ Մարտի 26-ին հակառակորդն Արցախի արևելյան սահմաններում առաջխաղացման նոր փորձ է ձեռնարկել. Հակառակորդը կրել է մեծ կորուստներ, հայկական կողմն ունի երեք զոհ և 15 վիրավոր։

Մարտի 29-ի առավոտյան դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: