Բավ է պառակտվել
07-12-2022 12:16

Ադրբեջանը ցանկանում է Արցախը կտրել արտաքին աշխարհից․ նախագահ Հարությունյանը՝ ֆրանսիացի պատգամավորներին

Ադրբեջանը ցանկանում է փակել Լաչինի միջանցքը՝ կտրելով Արցախը արտաքին աշխարհից, երեկ Փարիզում Ֆրանսիայի Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նախագահը հայտարարել է, որ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապված է միայն մեկ ճանապարհով՝ 5 կմ լայնություն ունեցող Լաչինի միջանցքով, հայտնում է հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ միակ և վերջին կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը: Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ Արցախի կապն անխափան ապահովելու համար»,- ասել է նախագահը։

Հարությունյանը բարձր է գնահատել Սենատի և Ազգային ժողովի հետևողական ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

«Արցախի հարցով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից ընդունված բանաձևերը լավ հիմք են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և տեւական կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրականացման արդյունքների ճանաչումը հակամարտությունը լուծելու միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության համապատասխան մակարդակը։ շեշտեց.

Շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին բանաձևերի ընդունման համար՝ երկրի ղեկավարը նշել է, որ այդ որոշումները քաղաքական ուղերձ են և լիովին համապատասխանում են Ֆրանսիայի քաղաքական ավանդույթներին՝ հիմնված ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքների վրա։

Նախագահի խոսքով՝ հիմա առավել կարևոր խնդիր է այս քաղաքական ուղերձները իրականություն դարձնելը, դրանց իրական ուժ տալը։ Այդ համատեքստում նախագահը հույս է հայտնել, որ Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ աշխատանքներն ավարտին կհասցվեն Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում:

Երկրի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից բանաձևերի ընդունումը, որոնցով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը, օրինակ կծառայի աշխարհի այլ երկրների համար։

Արցախը, ըստ երկրի ղեկավարի, ակնկալում է Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությունը նաև մարդասիրական ծրագրերի կյանքի կոչման, գերության մեջ գտնվող հայերի վերադարձման և Ադրբեջանի բռնազավթած տարածքներում վտանգված հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը փրկելու գործում:
Հանդիպումներին ներկա էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, դրանով իսկ կտրելով Արցախի կապը Հայաստանի և Շուշիի շրջանի Բերդաշեն ենթաշրջանի գյուղերի հետ։ Ավելի ուշ ռուս խաղաղապահների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններից հետո ճանապարհը ապաշրջափակվեց։