Բավ է պառակտվել
23-02-2023 16:44

Նախագահ Հարությունյանը նշել է Ադրբեջանի՝ «Արցախում հայ չկա, խնդիրներ չկան» քաղաքականության դեմ պայքարի փուլերը

Արցախի ժողովուրդը պատրաստ է պայքարի և դժվարությունների, հստակ գիտակցում է ադրբեջանական ցեղասպան նպատակներն ու իր կարմիր գծերը և պատրաստ է պաշտպանել դրանք, հինգշաբթի կառավարության նիստում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Խոսելով պայքարի նպատակների, միջոցների, ժամկետների, կարմիր գծերի, ռիսկերի և մարդկանց մոտ ծագող հարակից այլ հարցերի մասին, նա նշել է, որ Արցախի շրջափակման՝ Ադրբեջանի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների համատեքստում ակնհայտ է, որ նման գործողություններով Ադրբեջանը հետապնդում է Արցախի ժողովրդի էթնիկ զտումների նպատակ՝ ելնելով «Արցախում հայ չկա, խնդիրներ չկան» տրամաբանությունից։
որ նման գործողություններով Ադրբեջանը հետապնդում է Արցախի ժողովրդի էթնիկ զտումների նպատակ՝ ելնելով «Արցախում հայ չկա, խնդիրներ չկան» տրամաբանությունից։

«Իսկ ավելի միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքում նրանք նպատակ ունեն նոր կենսական զիջումներ կորզել Արցախից ու Հայաստանից, փլուզել Արցախի ինքնիշխանությունը, տնտեսությունը, մեծացնել մեր կախվածությունն իրենցից, հոգեբանական ահաբեկչությամբ խթանել արտագաղթը և այլն»։

Նա ընդգծել է, որ այս առումով պայքարի ռազմավարական նպատակը հայկական, անկախ ու անվտանգ Արցախի պահպանումն ու ամրապնդումն է, իսկ այս փուլի գլխավոր նպատակը ադրբեջանական սադրանքներին վճռականորեն դիմակայելն է՝ կանխելու էթնիկ զտման քաղաքականության հաջողումը:

Ուժի ապօրինի կիրառման արդյունքում 2020 թվականին ստեղծված իրավիճակը չի կարող և չպիտի ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։

«Պայքարի գլխավոր միջոցն Արցախում հաստատակամորեն ապրելն է՝ առանց տրվելու հոգեբանական ճնշման տարաբնույթ սադրանքներին: Երկրորդը՝ կենսական շահերի ու կարմիր գծերի անկոտրում պաշտպանությունն է՝ թույլ չտալով դրանց անդառնալի ոտնահարումը: Իսկ երրորդը՝ Ադրբեջանի հանդեպ միջազգային գործնական ճնշման ավելացումն է, որտեղ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի դերը պակաս կարևոր չէ: Առ այսօր մենք զգալի հույսեր ենք կապել միջազգային ճնշման հետ, սակայն բարի ու երբեմն կոշտ հայտարարություններից անդին գործնական քայլեր չենք տեսել»։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Արցախը կշարունակի ջանքերը նաև միջազգային իրավական ճակատում, և այդ առումով սպասված ու ողջունելի էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի երեկվա որոշումը ճանապարհի բացման պահանջով, «որը, սակայն, կարող է մեծ արդյունքներ ապահովել միայն միջազգային հանրության ազդեցիկ դերակատարների քաղաքական ամուր կամքի և գործնական քայլերի առկայության պարագայում»:

Այս պայքարի ռազմավարական նպատակին հասնելու համար Արցախի ժողովուրդը պետք է երկար ճանապարհ անցնի՝ հաշվի առնելով հակամարտության բարդությունը, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը, տարածաշրջանային աշխարհաքաղաքական միջավայրի անկայունությունը և երկրի ներքին խոցելիությունները:

«Իսկ շրջափակման այս պայմաններում մեր պայքարը արդեն բավականին կանխարգելիչ արդյունքներ է ապահովել, և որոշակի դրական միտումներ կան, որ առաջիկա օրերին այս ճգնաժամային իրավիճակը կարող է զգալիորեն մեղմանալ, ընդ որում՝ առանց մեր կենսական շահերն ու կարմիր գծերը խախտելու կամ վնասելու: Այնուամենայնիվ, մենք խնդիր ունենք ապահովելու որոշակի կայուն ու կանխատեսելի միջավայր առաջիկա ամիսների (միգուցե նաև մեկ-երկու տարվա) ժամանակահատվածում, քանի դեռ չի կայունացել խիստ փխրուն աշխարհակարգը և չենք կարողացել նշանակալիորեն բարձրացնել մեր ներքին դիմադրողականության մակարդակը: Իսկ այս ողջ ընթացքում մեզանից պահանջվում է առանձնահատուկ զգոնություն, ճկունություն, հեռատեսություն ու ռազմավարական համբերություն»։