Բավ է պառակտվել
21-01-2017 16:10

Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ. Բակո Սահակյան

2016 թ. ապրիլյան դեպքերը ցույց տվեցին մեր պաշտպանության բանակի բարձր մարտունակությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու մեր ժողովրդի, ողջ հայության վճռականությունը, օրհասական պահերին միավորվելու ունակությունը և այն, որ Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ. Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահը նշել է, որ 2016 թվականը ռազմաքաղաքական առումով եղել է շատ բարդ, և մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ապրիլյան քառօրյա պատերազմի տարի:
«Այս պատերազմը ակնհայտորեն վեր հանեց ինչպես մի շարք հիմնարար զարգացումներ ռազմաքաղաքական և բարոյահոգեբանական հարթություններում, այնպես էլ մեր անելիքները և անհրաժեշտ քայլերի իրականացումը նոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար»,- ընդգծել է Բակո Սահակյանը՝ 2016թ. արդյունքների ամփոփմանը, և 2017թ. անելիքներին նվիրված պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից, իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա խնդիրները՝ 2016 թվականին իրականացված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով բավարար:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջև ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանական զինուժը մարտական գործողություններ էր սկսել՝ կրակի տակ պահելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը՝ շփման գծի գրեթե ողջ երկայնքով: Ռազմական գործղությունների ընթացքում հակառակորդը կիրառել է նաև հրթիռա-հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և օդուժ:
ԼՂՀ Պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել էր հակառակորդի ագրեսիվ գործողությունները՝ պատճառելով մարդկային և տեխնիկական մեծ կորուստներ: