Բավ է պառակտվել
13-04-2020 14:34

Արցախում կկայանան նախագահական ընտրությունները՝ չնայած արտակարգ դրությանը․ Բակո Սահակյան

Արցախում ապրիլի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները կկայանան՝ չնայած կիրակի օրը Նախագահ Բակո Սահակյանի հայտարարած արտակարգ դրությանը: Այս մասին ասվում է նախագահի ուղերձում, հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:

Արցախի ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ի ժամը 22: 00-ից մինչև 2020 թ. մայիսի 12-ի 22: 00-ն արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը կայացվել է, մասնավորապես, հաշվի առնելով այն փաստը, որ վարակի ներթափանցման, վարակված անձանց և նրանց թվի աճի պայմաններում համապատասխան աշխատանքների ու գործողությունների իրականացումն, ինչպես նաև մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չէ ապահովել առանց Արցախի Սահմանադրությամբ երաշխավորված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներների ու ազատությունների սահմանափակման:

Նշվել է, որ արտակարգ դրություն հայտարարելիս նախագահը ղեկավարվել է “Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին” օրենքով։

“Կոչ եմ անում քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ ընդունված որոշումներին, խստորեն հետևել նախատեսված միջոցառումների և հրահանգների կատարմանը։ Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն հանուն մեր երկրի և քաղաքացիների բարօրության, մեր ազատ, անկախ և ժողովրդավարական պետության ապագայի”, - ասվում է նախագահի ուղերձում:

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.News-ը, մարտի 31-ին Արցախում անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չստացավ հաղթելու համար անհրաժեշտ 50 + 1 ձայն, ուստի ապրիլի 14-ին կանցկացվի երկրորդ փուլը, որին կմասնակցեն առավելագույն թվով ձայներ ստացած երկու թեկնածուն՝ Արայիկ Հարությունյան (49,6%) և Մասիս Մայիլյան (26,4%):

“Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության և բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարություններն, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները և, միաժամանակ, օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարևորագույն համապետական միջոցառումը, ինչպիսինն է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ”,- նշվում է նախագահի ուղերձում։ 

Ըստ նրա, ընտրությունների անցկացման օրը բոլոր ընտրատեղամասերում կձեռնարկվեն սանիտարահիգիենիկ խստագույն միջոցներ։

“Պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի կանխարգելենք և չեզոքացնենք բոլոր բացասական հետեւանքները: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ անցնենք այս կարեւորագույն շրջանն”,- ասվում է նախագահի ուղերձում։