Բավ է պառակտվել
23-02-2023 16:50

Արցախի նախագահին կից կստեղծվի խորհրդատվական մարմին՝ հասարակության բևեռացման խնդիրը լուծելու համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում հայտսել է, որ վերջին օրերին հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ և արդյունքում ընդունել է երկրի ներքին կյանքում առաջացած բևեռվածության, հասարակության պառակտվածության և հանրության շրջանում ապագայի հանդեպ հավատն ու հույսը ամրացնելու հրատապ անհրաժեշտության մասին պնդումները։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ելնելով դրանից՝ նա որոշել է նախագահին կից ստեղծել խորհրդատվական մարմին, որը պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ։

«Մենք պետք է մեր ժողովրդին լիարժեքորեն համոզենք, որ, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, թիկունքում ոչ մի հարց չի քննարկվելու, և Արցախի ու արցախահայության ճակատագրի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվելու: Առաջիկա օրերին մեկնարկելու են այդ գաղափարի իրագործման աշխատանքները»,- ասել է նա։

Հարությունյանը հայտարարել է, որ «ջանք ու եռանդ չեմ խնայելու, անելու եմ հնարավորն ու անհնարինը Արցախում ներքին համերաշխությունն ու միասնականությունն իրականություն դարձնելու համար, և առաջիկա բոլոր քայլերս ուղղված են լինելու առաջնահերթ հենց դրան»։