Բավ է պառակտվել
10-03-2022 16:02

Միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի ԶՈւ-ին կրակի դադարեցում պարտադրելու ուղղությամբ. Արցախի Անվտանգության խորհուրդ

Արցախի Անվտանգության խորհուրդը հերքել է շրջանառվող լուրերն առ այն, թե իբր ռուսական խաղաղապահ զորախմբի մի մասը դուրս է բերվելու հանրապետությունից։

«Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումն»,- ասվում է Արցախի Անվտանգության խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունն ընդգծել է, որ հրադադարի պահպանման ռեժիմը խախտող հակառակորդի թիրախը եղել է խաղաղ բնակչությունը՝ խուճապ առաջացնելու նպատակով։

«Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին», - ասել են ԱԽ-ում։

Միաժամանակ գերատեսչությունը հայտարարել է, որ ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը:

«Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների»,- ընդգծել են ԱԽ-ում։

«Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։

Լարվածության սրացում Արցախում

Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ավելի ինտենսիվ (այդ թվում՝ ականանետերից) գնդակոծում է Արցախի բնակավայրերը։

Մարտի 8-ի գիշերը Շուշիի (Ադրբեջանի հսկողության տակ գտնվող) շրջանում գազատարի վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը և հարակից տարածքի ականազերծմանը։

Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներն «Արցախգազ» ՓԲԸ-ի աշխատակիցների և ռուս խաղաղապահների հետ շարունակում են բանակցությունները ադրբեջանական կողմի հետ։

Բացի այդ, ինչպես հայտնում են Արցախի ոստիկանությունից, հինգշաբթի առավոտյան ականը պայթել է Խրամորթ գյուղի խաղաղ բնակչի տան բակում, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վիրավորում է ստացել։