Բավ է պառակտվել
13-04-2022 11:44

Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում պետք է անժամկետ լինի․ նախագահ Հարությունյան

Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ։ Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին Մարտակերտ քաղաքում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Իր ելույթում պետության ղեկավարն անդրադարձել է վերջերս Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի և Քարագլուխ բարձունքի հատվածում հակառակորդի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։

Միևնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանը նշել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ։

Նախագահը վերահաստատել է Արցախի իշխանությունների հավատարմությունը Արցախի Հանրապետության՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին և ընդգծել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին և գործունեությանը զուգահեռ՝ կառավարությունը շարունակաբար աշխատելու է անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների և քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։