Բավ է պառակտվել
25-01-2021 18:51

Խնդիրներն անհամար են. կոտրված ենք, պետության կողմից անտերության մատնված. Շուշիի քաղաքապետ

Արցախի ազգաբնակչությունը հայտնվել է լրջագույն խնդիրների առաջ և գրեթե միայնակ է դրանց առջև, քանի որ պետության օգնությունը բավարար չէ: Այս մասին ասուլիսում հայտարարեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: Նրա խոսքով, խնդիրները շատ են՝ թե՛ հագուստի, թե՛ ապրուստի, թե՛ սննդի հետ կապված: Վարձով բնակարանները Հայաստանում ու Արցախում աստղաբաշխական գումարներ են կազմում, ու թեև պետությունը որոշակիորեն օգնում է, բայց դա բավարար չէ առկա խնդիրները լուծելու համար: Նա նշեց, որ հայտարարվել է, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ Արցախը որոշակիորեն կփոխհատուցեն նաև վարձով բնակարանների գումարը, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չեն ստացել բոլոր այն մարդիկ, որոնք դիմել են այդ աջակցությունը ստանալու համար: Խնդիր է նաև պետական աջակցություն ստանալը, քանի որ կարգը թերի է և շատ մարդիկ, որոնք իրական շահառուներ են, չեն կարողանում ստանալ այդ աջակցությունը: «Շուշիի բնակչությունը, որ զրկվել է ամեն ինչից՝ մարդիկ թողել են իրենց ունեցվածքը, տունը, ամենը, նրանցից շատերը չեն կարողանում օգտվել պետական աջակցությունից: Սա մեծ խնդիր է, գործընթացի թերի լինելու պատճառով խնդիրներ են առաջանում»,- ասաց Շուշիի քաղաքապետը: Նախորդ հարցազրույցներից մեկում քաղաքապետը հայտարարել էր, որ եթե Շուշիի պաշտպանությունը լավ կազմակերպվեր, ապա բերդաքաղաքը չէր ընկնի: Այսօր ևս Արծվիկ Սարգսյանը կրկնեց այդ պնդումը՝ նշելով, որ Շուշիի պաշտպանությունը պետք է սկսվեր Հադրութից. նահանջելով եկան հասան Շուշի և սա հենց հրամանատարության կողմի գործընթացի սխալ կազմակերպման արդյունք է: «Մինչև հիմա պատասխան չկա, թե ով է հրաման տվել Քարին տակից դուրս գալու, թե ինչո՞ւ են նահանջել, թե ինչո՞ւ մինամյոտ չի եղել: Սա տալիս է ինձ առիթ մտածելու, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել»,- շեշտեց նա:
Քաղաքապետի խոսքով երբ թշնամին հասել էր Սղնախի մատույցներ, այդ ժամանակ Քարինտակի դիմաց հայկական զորք ենք ունեցել։ «Չգիտեմ՝ ոնց այդ զորքն նայեմբերի 3-ին դուրս է եկել, ու իրենց տանկերը, տեխնիկան հասել է այնտեղ, որտեղ հայկական զորքը կանգնած է եղել»,-նշեց Սարգսյանը։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը, թե Շուշին հայկական չի եղել, քաղաքապետն ասաց՝ Շուշիի ամեն քարը հայկական է: Այլ հարց է, որ Ալիևները մշտապես փորձել են հայաթափել Շուշին: Իր հերթին ասուլիսի մասնակից փախստական Լիանա Մինասյանը նշեց, որ իր համար մինչ օրս հասկանալի չէ, թե ինչպես է Շուշին տրվել: «Անհնար է պատկերացնել, թե ինչպե՞ս են ադրբեջանցիները հասել Շուշի ու «գրավել» այն: Սա աբսուրդ է, չի կարող նման բան լինել: Թե ինչպես է իրականում այս օպերացիան տեղի ունեցել դեռ երկար ժամանակ չենք իմանա, բայց հստակ է, որ մենք մինչև վերջին պահը եղել ենք բերդաքաղաքում, պայքարել ենք»,- ասաց նա: Նա նշեց, որ երբ իրեն ներկայացնում են որպես փախստական, նա շատ ծանր է հաշտվում այդ իրականության հետ, քանի որ արդեն երրորդ անգամ է իր կյանքում նա փախստական դառնում: «Հարցը միայն այն չէ, որ մենք տուն ենք կորցրել: Մենք հույս ենք կորցրել, որովհետև մենք չգիտենք, թե որտե՞ղ ենք ապրելու ու ի՞նչ ենք անելու հետո: Անհասկանալի է մեր կարգավիճակը. Հայաստանում մեզ շատերը օգնության ձեռք մեկնեցին, բայց մենք կոտրված ենք: Մեզ օգնություն է պետք, մեզ աշխատանք է պետք, այսինքն պետաջակցությունը չպետք է սահմանափակվի միայն այդ չնչին դրամական օգնությամբ»,- ասաց նա: Ի դեպ, առանձին ցավ է պատճառում այն 68 հազար դրամի օգնությունը, որ պետությունը աջակցություն է տրամադրում Հայաստանում գտնվող արցախցիներին: Օրինակ, Լիանա Մինասյանի քույրը այդ գումարից ընդամենը 3 հազար դրամ պետք է ստանար, քանի որ այդ աջակցությունից հանվել է իրթոշակը: «Իմ քույրը հրաժարվել է, բնականաբար, այդ երեք հազար դրամից... բայց սա ուղղակի աղետ է, խայտառակություն: Մի ձեռքով աջակցություն են տրամադրում, մյուս ձեռքով զրկում դրանից»,- շեշտեց նա:

Արմինե Գևորգյան