Բավ է պառակտվել
01-02-2023 20:21

Խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Արցախի պետնախարարը՝ The Hill Times-ին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը The Hill Times-ին տված հարցազրույցում Կանադային և միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ Լաչինի միջանցքը բացելու համար: Ռուբեն Վարդանյանը կոչ է արել «հումանիտար օդային միջանցք» ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար:

Արցախի պետնախարարը վիճարկել է Լաչինի միջանցքով երթևեկության մասին Ադրբեջանի ներկայացրած տվյալները՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր ընդամենը մի քանի հարյուր բեռնատար է անցել Լաչինի միջանցքով, որոնք պատկանել են ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջագային կոմիտեին:
«Համեմատության համար նշեմ, որ շրջափակումից առաջ օրական 800-ից 1000 բեռնատար է մտել Արցախ», - ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ շրջափակման հետևանքով դադարեցվել են դեղորայքի, սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումները:
Նրա խոսքով, ողջ տնտեսությունը կանգնած է, քանի որ անհնար է արտադրության համար որևէ ռեսուրս ներկրել կամ կամ այստեղ արտադրվող որևէ ապրանք արտահանել։
Վարդանյանը հավելել է, որ սահմանափակ վառելիքի և էլեկտրաէներգիայի պայմաններում դպրոցները ևս ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը:
«Անընդունելի է ձմռանը 30 000 երեխաների ստիպել ապրել առանց սննդի, առանց կրթության կամ առանց գազի և էլեկտրաէներգիայի: Ադրբեջանը պետք է ընդունի, որ պետք է երկխոսություն լինի, սա չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ սեփական բնօրրանում 120 000 մարդու էթնիկ զտումների ենթարկելով» - ամփոփել է պետնախարարը: