Բավ է պառակտվել
02-04-2020 19:08

Ապրիլյան բովով անցածները․ հեղինակային նյութ

2016 թի ապրիլի 1- ի լույս 2 –ի գիշերը հակառակորդը, խախտելով հրադադրի ռեժիմը, լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա, որը հետո պիտի ստանար «քառօրյա պատերազմ», հետագայում արդեն՝ ապրիլյան պատերազմ անունը։

Այս տարի թերևս առաջին անգամ ես Եռաբլուրում չեմ, բայց հերոսների մասին պատմելու շատ բան կա։ Միառժամանակ առաջ հերթական այցս էր Պաշտանության բանակի դիրքեր։ Զինվորների օգնությամբ բարձրանում ենք առաջնագիծ։ Ամբողջ ճանապարհին նրանք լուռ են, հարցերիս պատասխանում են կցկտուր, զինվորին հարիր։ Բարձրանում ենք այն վայրը, որտեղ սկսվել էր ապրիլյան պատերազմը։
«Չենք ընկճվում ոչ մի բանից, իրենց վերցրած հատվածը շատ չնչին մաս է կազմում ու մեր ժողովրդին ուզում եմ ասել որ մեր զորքերը շատ ամուր են ու մեր տված փոքր հատվածը նորից հետ ենք վերադարձնելու»։
Հիշում եմ ՝ 4 տարի առաջ, երբ զինադադարից հետո այցելեցի դարձյալ նույն վայրը, այնտեղ օդում կանգնած լռություն կար։ Այդ օրերին դժվար էր մոտենալ ու զրուցել տղաների հետ, բայց նրանց ինքնավստահ ու խրոխտ տեսքը ուժ էր տալիս ու հարցազրուցը սկսվում էր այսպես․ «Ի՞նչպես սկսվեց, որտե՞ղ էիք»։ Պատասխանները գրեթե նույնն էին, պատմում էին շատ հանգիստ, կարծես ոչ թե թշնամու հետ կենաց ու մահու պայքար էին մղել, այլ պարզապես ինչպես իրենք էին ասում «իրենց առջև դրված խնդիրն են կատարել»։
Դիրքերում ավելի վստահ ու ուժեղ ես քեզ զգում, իսկ արդեն ներքևում վերլուծում ես անցած գնացածը, տղաների ապրածը։ Բայց առավել դժվար է, երբ զրուցակիցդ որդի կորցրած ծնողներ են։ Սակայն երբեմն հենց իրենք են քեզ օգնում հարցերդ շարադրելու ու զրուցելու հարցում։ Բենամին –Մոնթե Եղոյանի ընտանիքի անդամներն են։ Հայրը արցախյան ազատամարտի մասնակից, զինվորականների շրջանում հայտնի Բատյան է, Վազգեն Սարգսյանի ընկերը, ՀՀ ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետը: Բանակում ծառայել է 1995-2011 թթ: Որդին՝ ավագ լեյտենանտ, տանկիստ Մոնթե - Բենիամին Եղոյանը զոհվել է ապրիլի 3-ին: Նա ռազմական գործողությունների ընթացքում օգնության էր գնացել Ջաբրայիլի զորամաս:
<<Այլ մասնագիտություն չէր կարող ընտրել իմ Բենոն>>, - ասում է Ներսես Եղոյանը, հավելում՝ 1994-ին իրենցով պատերազմը կավարտվեր, բայց հակառակորդը կռիվ մոգոնեց և իր երիտասարդ տղան 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ զոհվեց։ Այսօր դիրքերն էլ ավելի են ամրապնդվել քառօրյա պատերազմից հետո՝ ասում է քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը։ Պատերազմի ժամանակ նա լուրջ վնասվածքներ էր ստացել: Հիշում է, որ 4 տարի առաջ այս օրը նույնպես անձրևում էր, անձրևը դադարեց ու սկսվեց մարտը։ Հայկական զինուժը առաջին մի քանի ժամերից հետո այնուհանդերձ կարողացավ առավելության հասնել, նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը եւ հակառակորդին կրկին զինադադար պարտադրել։ Դանիելը, այօր արդեն ծաղկիկները ձեռքին բարձրանում է Եռաբլուր պանթոն։
Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ 4 կրակոցով 3 տանկ խոցած գյումրեցի ապրող ու ապրեցնող հերոս» այսպես բնութագրեցին Շուլի Հակոբյանին։ Նա Արցախի Հանրապետության ՊԲ նախկին զինծառայող է, ավագ սերժանտ, 2016 թ-ին պարգևատրվեց ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ամեն անգամ Շուլի հետ զրուցելիս, երբ նրան ասում եմ հերոս, արժանանում եմ նրա դիտողությանը․ «Ես հերոս չեմ, ես պարզապես իմ առջև դրված խնդիրն եմ կատարել»։ Հետո պատմում է, որ քառօրյա պատերազմը շատ բան է փոխեց իր մեջ: Ապրիլի 4-ի առավոտյան, երբ Շուլին արդեն Թալիշի ամենավտանգավոր դիրքերից մեկում էր, երևացին հակառակորդը տանկերը ։ Որոշելով կրակել ոչ թե խրամատից, այլ ավելի բարձրից, Շուլին դուրս է գալիս խրամատից ու արձակում առաջին հարվածը: Մի քանի րոպեում 3 տանկի խոցվելուց հետո թշնամին հասկանում է, որ անզոր է:
Ապրիլյան պատերազմի օրերին 18-20 տարեկանների կողքին կամավորներն էլ էին։ Հիշում եմ, որ հերթական հոդվածն էի պատրաստում կամավորներից մեկը՝ Վարդան Գրիգորյանը պատմեց, որ առաջին օրերին երիտասարդները իրենց «նեղացնում էին», ասում էին՝ «դուք գնացեք այն կողմ, հոպար ջան մենք կկանգնենք առաջնագծում, գնացեք, մի քիչ քնեք, որ հանգստանաք, մենք այստեղ ենք»: Մենք այդ օրերին կրկին անգամ հասկացանք, որ մեր դարավոր թշնամին չի փոխել ու չի էլ փոխի իր արյունոտ ձեռագիրը:»,-պատմեց մեր զրուցակիցը:
Զրուցակիցներս ապրիլյան պատերազմի բովով անցած մարդիկ են։ Մեկն այսօր էլ սահման է պահում, մյուսը հերոսի մայր է, մյուսը պատերազմը հաղթած թեկուզ վիրավոր վերադարձած զինվոր, մյուսն էլ՝ ապրիլյանից հետո զինված ուժերի շարքը համալրած։ Հենց այս մարդականց շնորհիվ մենք կարողացանք պարտադրել խաղաղությունը՝ զենքով ու խելքով։ Իսկ հիմա, ինչպես զրուցակիցս ՝ նշում, «Հայենասիրությունից պետք է անցնել հայրենաշինության»։

 

 

Արմինե Գևորգյան