Բավ է պառակտվել
28-12-2022 12:18

Արցախցի ցուցարարները մտադիր են ավելի կտրուկ քայլերի դիմել ռուս խաղաղապահների լռության դեպքում

Մի խումբ արցախցիներ շարունակում են իրենց գործողությունները՝ պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը և դադարեցնել Ադրբեջանի կողմից հանրապետության շրջափակումը։ Ցուցարարները գիշերն անցկացրել են Ստեփանակերտի օդանավակայանում՝ սպասելով իրենց պահանջների պատասխանին։

Նրանք հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ՝ նրա միջոցով իրենց պահանջներն ու հարցերը ՌԴ իշխանություններին փոխանցելու համար։

Ինչպես նշեց ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը, ցուցարարներին հայտնել են, որ չեն կարողանում կապ հաստատել Վոլկովի հետ, ի պատասխան՝ արցախցիները հայտարարել են պատասխանին տեղում սպասելու պատրաստակամության մասին։ Ցուցարարները գիշերն անցկացրել են օդանավակայանում։

Պետրոսյանի խոսքով՝ ցուցարարները զգուշացրել են խաղաղապահներին, որ չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ Վոլկովը չի ընդունել իրենց։ «Մենք ասացինք, որ եթե մեզ նորից անտեսեն, մենք ստիպված կլինենք գնալ ավելի կտրուկ քայլերի, նույնիսկ կարող ենք փակել անցակետերը՝ ստիպելու նրան (Վոլկովին) հանդիպել մեզ հետ»,- ասաց նա։

Այնուհետեւ նրանք գնացին Արցախի Ազգային ժողով՝ պատգամավորներին միանալու կոչ անելու։ Խորհրդարանի շենքում ցուցարարներին դիմավորել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ով որոշել է միանալ քաղաքացիների ակցիային։

Նախօրեին Ստեփանակերտի բնակիչները երթ են անցկացրել դեպի օդանավակայան՝ պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը և դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։ Երթի մասնակիցները կոչ են արել ռուս խաղաղապահներին ապահովել անվտանգ տեղաշարժ Լաչինի միջանցքով։